Ֆլորիդայում 2 դեռահասի մեղադրանք է առաջադրվել համադասարանցիների դիֆփեյք մերկ լուսանկարները տարածելու համար

11 մարտի, 2024  11:02

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ավագ դպրոցի երկու աշակերտի ձերբակալել են և մեղադրանք առաջադրել արհեստական բանականության միջոցով համադասարանցիների դիփֆեյք (deepfake) մերկ լուսանկարներ ստեղծելու և տարածելու համար:

Դիփֆեյքը համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված լուսանկարն է, տեսանյութը, որը գրեթե անհնար է տարբերել իրականից։

Ոստիկանությունը հայտնել է, որ 13 և 14 տարեկան երկու տղաներ օգտագործել են «արհեստական բանականության հավելված», որի անունը չի նշվում և ստեղծել «12-ից 13 տարեկան» աշակերտուհիների դիֆեյք լուսանկարներ։

Դեռահասներին մեղադրանք է առաջադրվել Ֆլորիդայի՝ 2022-ին ընդունված օրենքի համաձայն, որը քրեականացնում է սեռական բնույթի դիփֆեյք բովանդակության տարածումն առանց դրանում պատկերված անձի կամ անձանց համաձայնության:

Տեղական լրատվամիջոցները միջադեպի մասին հայտնել են այն բանից հետո, երբ աշակարետները հեռացվել են Մայամիի Փայնկրեստ-Քոուվ ակադեմիայից։ Դեռահասները ձերբակալվել են 2023-ի դեկտեմբերի 22-ին։

Թեև ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներն այժմ ունեն սեքսուալ բնույթի բովանդակության տարածման  վերաբերյալ կանոնակարգեր, մինչ այժմ միայն մի քանիսն են ընդունել օրենքներ, որոնք որոշ չափով անդրադառնում են արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությանը:

Օրինակ՝ Բևերլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը ներկայումս հետաքննում է մի դեպք, երբ ուսանողները կիսվել են իրենց դասընկերների դիփֆեյք լուսանկարներով: Սակայն նահանգի օրենքն ուղղակիորեն չի հիշատակում արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության մասին։ Արդյունքում միջադեպին մասնակցած հինգ դեռահասներ առայժմ միայն հեռացվել են ուսհաստատությունից։

Հունվարին X սոցիալական ցանցը ստիպված էր անջատել Taylor Swift (Թեյլոր Սվիֆթ) բառերով  որոնումներն այն բանից հետո, երբ երգչուհու մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բնույթի դիփֆեյք տեսանյութեր սկսվեցին զանգվածաբար տարածվել սոցցանցում։


 
 
 
 
  • Արխիվ