Ե՞րբ Apple-ը կհեշտացնի iPhone-ից Android տվյալների փոխանցումը

8 մարտի, 2024  16:17

Apple-ը ԵՄ օգտատերերին խոստացել է iPhone-ից Android սմարթֆոններ տվյալները փոխանցելու ավելի հարմար մեխանիզմ տրամադրել մինչև 2025-ի աշուն։ Իսկ մինչ 2024-ի վերջ ընկերությունը կներդնի iPhone-ներում նախապես տեղադրված Safari դիտարկիչը ջնջելու հնարավորություն։

Վերջերս թողարկված iOS 17.4-ից սկսած՝ օգտատերերը հնարավորություն ունեն առաջին գործարկումից հետո շարունակել օգտագործել Safari-ն որպես նախապես տեղադրված դիտարկիչ կամ ընտրել հայտնի այլընտրանքներից մեկը: Իսկ 2025-ի սկզբին Apple-ը պետք է ավելացնի սարքում տեղադրված դիտարկիչների միջև տվյալների փոխանցման մեխանիզմ, ինչպես նաև Safari-ն ամբողջությամբ հեռացնելու հնարավորություն։

Ակնկալվում է, որ Apple Data & Privacy կայքում ապագայում կհայտնվի երրորդ կողմի ընկերություններին իր տվյալներին հասանելիություն տրամադրելու հնարավորություն, սակայն Apple-ն ինքը պետք է ընտրի դրանք: Օգտատերերը կկարողանան App Store-ից տվյալների ամենօրյա ներբեռնումներ գործարկել մեկ ամսվա կամ շաբաթվա համար՝ վեց ամիս շարունակ: Բացի դրանից, երրորդ անձանց տվյալների հասանելիության թույլտվությունը կարելի է չեղարկել ցանկացած պահի։

Apple-ն ինքը տվյալների փոխանցման այս գործառույթը նկարագրում է որպես «լուծում, որն օգնում է բջջային օպերացիոն համակարգերի մատակարարներին մշակել ավելի լավ լուծումներ iPhone-ից այլ արտադրողների հեռախոսներ տվյալներ փոխանցելու համար»: Այս գործառույթը հիմնված կլինի տվյալների փոխանցման առկա գործիքների վրա:

Apple-ն այս ամենն ստիպված է անել Եվրամիությունում թվային շուկաների մասին օրենքի (DMA) ուժի մեջ մտնելու բերումով։ Սակայն միաժամանակ ընկերությունն ակտիվորեն քննադատում է DMA օրենքը և պնդում, որ ԵՄ պահանջները «վտանգում են օգտատերերի և մշակողների անվտանգությունը՝ բացելով նոր հնարավորություններ խարդախության և վնասակար բովանդակության տարածման համար, ինչպես նաև թույլ չեն տալիս Apple-ին հայտնաբերել և կանխել վնասակար գործողությունները»:

Նշենք, որ այլընտրանքային հավելվածների խանութներ տեղադրելու հնարավորությունը հայտնվել է iOS 17.4-ում, և Apple-ն ակնհայտորեն գոհ չէ դրանից:

«Ծրագրային բաշխման այլընտրանքային մեթոդները մեծացնում են օգտատերերի և մշակողների տվյալների գաղտնիությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները: Սա ներառում է ռիսկեր՝ կապված ծրագրային ապահովման տեղադրման հետ, որը վտանգում է համակարգի ամբողջականությունը վնասակար կոդի միջոցով, ինչպես նաև պիրատական ​​ծրագրերի, անօրինական, կասկածելի և վնասակար բովանդակության տարածումը՝ մոդերացիայի ավելի ցածր ստանդարտների պատճառով»,- նշում է ընկերությունը։

Ընկերությունը նաև ընդգծում է, որ «չի կարող  օգնել օգտատերերին միջոցների վերադարձի, բաժանորդագրությունների չեղարկման, գաղտնիության սպառնալիքների, չարաշահումների և խարդախ գործողությունների հարցում»՝ առաջարկելով նման խնդիրներ առաջանալու դեպքում կապվել համապատասխան խանութների մշակողների հետ:


 
 
 
 
  • Արխիվ