Բիթքոյնի գինը գերազանցել է $53,000-ը՝ ամենաբարձրը 2021-ի դեկտեմբերից ի վեր

27 փետրվարի, 2024  10:12

Բիթքոյնի գինը գերազանցել է 53,000 դոլարը, որն ամենաբարձր գինն է ավելի քան երկու տարվա ընթացքում։ Դրան նպաստել է աճող լավատեսությունը, որ բիթքոյնի վրա հիմնված սփոթ ներդրումային ֆոնդերի միջոցով ներդրողների շարունակական պահանջարկը ամենամեծ կրիպտոարժույթի գինը կվերադարձնի ռեկորդային մակարդակի, նշել է Bloomberg-ը:

«Բիթքոյնը շարունակում է իր աճը, որին աջակցում է սփոթ ներդրումային ֆոնդերի ուժեղ ներհոսքը»,- ասել է GSR կրիպտոներդրումային ընկերության արտաբորսային գլոբալ առևտրի բաժնի ղեկավար Սպենսեր Հալարնը:  

Բիթքոյնը մեկ օրում թանկացել է 3,3%-ով՝ հասնելով 53,600 դոլարի: Այն վերջին անգամ այս գնով վաճառվել էր 2021-ի դեկտեմբերին և դրանից մոտ մեկ ամիս առաջ հասել էր պատմական առավելագույնին՝ մոտ 59,000 դոլար։

Ներդրողներն ավելի քան 5 միլիարդ դոլար են ներդրել ինը սփոթ ներդրումային ֆոնդերում, որոնք առևտուրն սկսել են անցյալ ամիս: Ներդրողներին լավատեսություն է ներշնչել նաև 155,4 միլիոն դոլար արժողությամբ 3000 բիթքոյնի գնումը MicroStrategy Inc. ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության կողմից, որը բիթքոյնի ձեռքբերումը դարձրել է իր կորպորատիվ ռազմավարության մաս: Ընկերությունը փետրվարին ավարտված գնման մասին հայտարարել է երկուշաբթի: Այժմ այն ունի մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին բիթքոյնի գինն ակտիվորեն աճել էր և հասել է $50,000-ի սահմանային նշագծին՝ մեկ օրում փաստացի թանկանալով 3,5%-ով: Ավելի ուշ, իհարկե, փոխարժեքը փոքր-ինչ կարգավորվել էր՝ նվազելով մինչև 49,800։


 
 
 
 
  • Արխիվ