Բիթքոյնի գինը 2021-ից ի վեր առաջին անգամ հասել է $50,000-ի

13 փետրվարի, 2024  12:09

Բիթքոյնի գինն ակտիվորեն աճել է վերջին շաբաթվա ընթացքում, աճը շարունակվել է այս շաբաթ ևս և երեկ աշխարհի հիմնական կրիպտոարժույթի գինը հասել է $50,000-ի սահմանային նշագծին: Ավելի ուշ, իհարկե, փոխարժեքը փոքր-ինչ կարգավորվել է՝ նվազելով մինչև 49,800, սակայն այն դեռևս կարևոր հոգեբանական նշագծի վրա է։

Մեկ օրվա ընթացքում բիթքոյնի գինն ավելացել է 3,5%-ով, ինչը բավականին շատ է՝ հաշվի առնելով, որ աճը ողջ անցած շաբաթվա ընթացքում կազմել է 12,2%: Կրիպտոարժույթների թոփ տասնյակում ակտիվորեն աճում են նաև Ethereum-ը (օրական գրեթե 4,5%-ով) և Cardano-ն (օրական 3,9%)։

Վերջին 24 ժամվա ընթացքում կրիպտո շուկան աճել է 3,32%-ով՝ հասնելով 1,87 տրիլիոն դոլարի: Եվ այս աճը հիմնականում պայմանավորված է BTC-ի գնի բարձրացմամբ։ Հնարավոր է, որ բիթքոյնը հերթական հալվինգի նախօրեին (բիթքոյն մայնինգի համար նախատեսված պարգևի կիսով չափ կրճատումն է, տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ), որին մնացել է 66 օր, գնային նոր ռեկորդներ սահմանի։

bitcoit diagram .jpg (180 KB)

Հիշեցնենք, որ բիթքոյնի գինն այս տարվա հունվարի 22-ին նվազել էր մինչև 39,500 դոլար՝ մոտ 10,000 դոլարով պակաս հունվարյան առավելագույն արժեքից։ Նման բան չէր գրանցվել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից ի վեր։ Այնուհետև կրիպտոարժույթի գինը բարձրացել էր և հասել 40,000 դոլարի։

Բիթքոյնի գաղափարը 2008-ի նոյեմբերին ներկայացրել է Սատոշի Նակամոտոն, որպես արժույթ այն շրջանառության մեջ է դրվել 2009-ին։ Բիթքոյնի մատակարարումը սահմանափակ է, և ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն արդյունահանված է:


 
 
 
 
  • Արխիվ