28,000 մԱ/ժ մարտկոց, որի լիցքը կբավարարի մեկ շաբաթ․ ներկայացվել է Hard Case P28K բյուջետային սմարթֆոնը

26 փետրվարի, 2024  12:05

Ֆրանսիական Avenir Telecom-ը, որին է պատկանում Energizer ապրանքանիշի օգտագործման լիցենզիան, Բարսելոնայում անցկացվող MWC 2024 ամենամյա միջոցառման ժամանակ ներկայացրել է Hard Case P28K սմարթֆոնը, որի հիմնական առանձնահատկությունը մարտկոցի հզորությունն է՝ 28,000 մԱ/ժ։

Ինչպեսև նախորդ մոդելը, Hard Case P28K-ը կվաճառվի Energizer ապրանքանիշի անվան տակ։ Այսպիսով, Energizer Hard Case P28K-ն ստացել է զանգվածային արտադրության համար նախատեսված սմարթֆոնում երբևէ տեղադրված ամենահզոր մարտկոցը։ Ըստ մշակողների՝ մարտկոցի մեկ լիցքավորումը բավական է մեկ շաբաթվա ընթացքում սարքի ինքնավար շահագործումն ապահովելու համար։ Խոսելու ռեժիմում սմարթֆոնը առանց վերալիցքավորման կարող է աշխատել մինչև 122 ժամ (ավելի քան 5 օր), իսկ սպասման ռեժիմում ինքնավարությունն ավելանում է մինչև 2252 ժամ (գրեթե 94 օր): Մարտկոցն ունի մինչև 33 Վտ արագ լիցքավորման աջակցություն։

Hard Case P28K  1.jpg (301 KB)

Սմարթֆոնի բացասական կողմերից են դրա ոչ տպավորիչ ապարատային բնութագրերը, չափերն ու քաշը: Նման հզոր մարտկոց ունենալու արդյունքում սարքի հաստությունը 27,8 մմ է, իսկ քաշը՝ 570 գ, ինչը երեք անգամ գերազանցում է iPhone 15-ի հաստությունն ու քաշը:

Ինչ վերաբերում է այլ պարամետրերին, ապա հեռախոսը չունի հինգերորդ սերնդի կապի ցանցերի (5G) աջակցություն: Hard Case P28K-ն աշխատում է MediaTek MT6789 միկրոպրոցեսորով, ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, 6,78 դյույմանոց LCD էկրան՝ 1080p կետայնությամբ և երեք մոդուլից բաղկացած հիմնական տեսախցիկ: Որպես ծրագրային հարթակ՝ կիրառվում է Google Android 14։

Avenir Telecom-ը նախատեսում է Energizer Hard Case P28K-ը վաճառել 250 դոլարով: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի այս տարվա հոկտեմբերին։

Hard Case P28K   2.jpg (196 KB)


 
 
 
 
  • Արխիվ