Մարտին Samsung-ի մի շարք սմարթֆոններ ԱԲ գործառույթներ կստանան․ ո՞ր սարքերի մասին է խոսքը

23 փետրվարի, 2024  14:02

Samsung-ը հայտարարել է, որ մարտի վերջին կսկսի One UI 6.1 սեփական ծրագրային ապահովման թարմացումը 2023-ի իր Galaxy շարքի սարքերի համար: Նոր թարմացման հետ մեկտեղ ընկերության սմարթֆոններին և պլանշետներին հասանելի կդառնան Galaxy AI-ի արհեստական բանականությամբ գործող նեյրոցանցի գործառույթները, հայտնում է 9to5Google պորտալը։

Թարմացումը կստանան հետևյալ սարքերը․

  • Samsung Galaxy S23,
  • S23+,
  • S23 Ultra,
  • S23 FE,
  • Z Fold 5,
  • Z Flip 5,
  • Galaxy Tab S9,
  • Tab S9+,
  • Tab S9 Ultra։

Թարմացման շնորհիվ այս սարքերը կստանան Galaxy AI-ի առանձնահատկությունները, որոնք առաջին անգամ հայտնվեցին նոր Galaxy S24 սերիայի սմարթֆոններում։

Galaxy AI ֆունկցիաների շարքում առանձնանում է Tone Changing-ը, որը կարող է վերաշարադրել Samsung ստեղնաշարի վրա մուտքագրված տեքստը մի քանի ոճով և ուղղել սխալները։ Samsung Notes նշումներ անելու հավելվածում արհեստական բանականությունն օգնում է կարգավորել տեքստի կառուցվածքը, շտկել սխալները և տրամադրում է տեքստի սեղմ բովանդակությունը: «Խելացի» ձայնագրիչն, իր հերթին, կարող է սղագրել ձայնագրությունները։

Ամենաուշագրավ նորամուծություններից է երկկողմանի թարգմանությունը (ձայնային և տեքստային) հեռախոսազրույցի ընթացքում։ Այնուամենայնիվ, գործառույթը դեռ սահմանափակ լեզուների աջակցություն ունի։ Այս և շատ այլ գործառույթներ, այդ թվում՝ Circle Search-ը, Chat Assist-ը, Generative Edit-ը, Instant Slow-Mo-ը, կհայտնվեն Samsung սմարթֆոններում և պլանշետներում մարտի վերջին: One UI 6.1 թարմացման ավելի ճշգրիտ թողարկման ժամկետները, այդուհանդերձ, չեն բացահայտվել:


 
 
 
 
  • Արխիվ