ԱԲ-ը սովորել է կանխատեսել համակրանքի առկայությունն առաջին իսկ ժամադրության ժամանակ

21 փետրվարի, 2024  16:09

Ցինցինատիի համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված ալգորիթմ, որը որոշում է մարդու էմոցիաները զրուցակցի հետ խոսելիս՝ վերլուծելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են սրտի հաճախությունը, շնչառությունը և քրտնարտադրությունը:

IEEE Transactions on Affective Computing (IEEE TAC) գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտությունում հեղինակները ցանկացել են ավելի լավ հասկանալ ֆիզիոլոգիական սինխրոնության երևույթը, որի դեպքում մարդիկ սինխրոնացնում են իրենց շնչառությունը և զարկերակը շփման կամ համատեղ գործունեության ընթացքում: Ենթադրվում է, որ այս երևույթը մեկ այլ անձի նկատմամբ համակրանքի առկայության մասին է ազդարարում։

Գիտափորձին մասնակցել է 36 մարդ, որոնք բաժանվել են 18 զույգի։ Թեստերի ընթացքում մասնակիցները շփվել են միմյանց հետ՝ տարբեր թեմաների շուրջ զրուցելով, որոնք նախատեսված են եղել տարբեր հուզական արձագանքներ առաջացնելու համար: Զրույցների ընթացքում գիտնականներն արձանագրել են կամավորների կենսաբանական ցուցանիշները։

Հավաքված տվյալների հիման վրա գիտնականներն ստեղծել են ֆիզիոլոգիական ցուցանիշների հիման վրա խոսակցության տեսակը դասակարգելու ալգորիթմ։ Նեյրոնային ցանցը կարողացել է հայտնաբերել մարդկանց հույզերը տարբեր սցենարներում 75% ճշգրտությամբ:

Հեղինակների խոսքով՝ հետազոտության արդյունքները կարող են կիրառվել գործնականում` գնահատելու հաղորդակցության լայն շրջանակի արդյունքները, ներառյալ ժամադրության կամ որևէ այլ խոսակցության ընթացքում առկա դինամիկան:


 
 
 
 
  • Արխիվ