Եվրոպայում սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով Apple-ն առաջ է անցել Samsung-ից․ որո՞նք են մյուս առաջատարները

21 փետրվարի, 2024  12:05

Apple-ը Եվրոպայում սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով վերջին յոթ եռամսյակի ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Samsung-ից․ ընկերությունը տարեկան կտրվածքով իր առաքումներն ավելացրել է 1%-ով՝ հասնելով 12,4 միլիոն միավորի:

Ըստ Canalys վերլուծական ընկերության հրապարակած տվյալների` 2023-ի չորրորդ եռամսյակի տվյալներով, ընդհանուր առմամբ, սմարթֆոնների առաքումները Եվրոպայում (առանց Ռուսաստանի) տարեկան կտրվածքով նվազել են 3%-ով՝ հասնելով 37,8 միլիոն միավորի։

Երկրորդ տեղում հայտնված Samsung-ի վաճառքի ցուցանիշը նվազել է 12%-ով՝ հասնելով 10,8 մլն միավորի։ Հատկանշական է, որ Samsung-ը եղել է ամենամեծ մատակարարը ողջ 2023-ի ընթացքում։ Xiaomi-ն պահպանել է երրորդ տեղը՝ չնայած 10% անկմանը (6 միլիոն միավոր), ինչին նպաստել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում դրական դինամիկան: Առաջատար հնգյակը եզրափակում են Motorola-ն և Honor-ը, որոնք նշված ժամանակահատվածում վաճառել են 2 մլն և 1,1 մլն միավոր, իսկ տարեկան աճի տեմպերը համապատասխանաբար կազմել են 73% և 116%:

«Բարձրակարգ սմարթֆոնները գրավել են եվրոպական շուկայի ռեկորդային մասնաբաժինը 2023-ի չորրորդ եռամսյակում։ Սմարթֆոնների առաքումների գրեթե 40%-ի գինը եղել է 800 դոլար կամ ավելի,- ասել է Canalys-ի վերլուծաբան Ռունար Բյորհովդեն,- Բարձրակարգ սեգմենտի գերակայությունը հիմնականում պայմանավորված է եղել iPhone 15 Pro-ի մեծ պահանջարկով, ինչպես նաև Galaxy S շարքի շարունակական վաճառքով և Google Pixel-ի աճող վաճառքով»:  

Canalys-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023-ին ամենաշատը վաճառված 10 սմարթֆոնների ընդհանուր վաճառքը միասին կազմել է 246 միլիոն միավոր։ Ընդորում՝ թոփ տասնյակում հայտնվել է յոթ iPhone հեռախոս, որոնք զբաղեցնում են նաև առաջին հինգ տեղերը։ Թոփ տասնյակում Samsung-ն ընդամենը երեք տեղ էր զբաղեցրել։


 
 
 
 
  • Արխիվ