Հայտնաբերվել է նոր վիրուս, որի միջոցով գողանում են iPhonе-ների օգտատերերի տվյալներն ու գումարները

16 փետրվարի, 2024  12:11

Տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող Group-IB ընկերությունը հայտնաբերել է նոր տրոյական վիրուս, որը նախատեսված է iOS-ի համար և կոչվում է GoldPickaxe.iOS: Այն կարող է գողանալ դեմքի ճանաչման, անձի նույնականացման տվյալները, SMS հաղորդագրությունները և այլ տվյալներ, որոնք կարող են օգտագործվել զոհի բանկային հաշիվներ մուտք գործելու համար, հայտնում է Tom's Hardware-ը։

Այս տրոյական վիրուսը պատկանում է GoldDigger ընտանիքին, որն ի սկզբանե մշակվել է Android-ի համար։ GoldPickaxe.iOS-ն ի սկզբանե տարածվել է TestFlight ծառայության միջոցով, որտեղ հավելվածների բետա տարբերակները փորձարկվում են նախքան դրանց հայտնվելը App Store-ում: Հավելվածը Apple-ի ծառայությունից հեռացնելուց անմիջապես հետո չարագործներն սկսեցին այն տարածել MDM պրոֆիլի միջոցով, որն օգտագործվում է կորպորատիվ սարքերը կառավարելու և կարգավորելու համար:

Այժմ խաբեբաներն օգտվողներին համոզում են տեղադրել վնասակար պրոֆիլ, որը թույլ է տալիս վիրուսը ներբեռնել՝ շրջանցելով App Store-ը: Դրանից հետո զոհի ողջ տվյալները հասանելի են դառնում չարագործներին։

Group-IB-ի տվյալներով՝ վիրուսի զոհերի մեծ մասը գտնվում է Վիետնամում և Թաիլանդում, սակայն կարող են տուժել նաև այլ երկրների օգտատերերը։ Հայտնաբերված խնդրի մասին փորձագետներն արդեն տեղեկացրել են Apple-ին։

Համացանցից անվտանգ օգտվելու և անձնական տվյալներն ու ֆինանսները ռիսկերի չենթարկելու համար կարդացեք այս թեմայով NEWS.am Tech-ի հոդվածն այստեղ, իսկ իմանալու համար, թե ինչպես պաշտպանել ձեր սմարթֆոնը հնարավոր կիբեռսպառնալիքներից, կարող եք կարդալ այս հոդվածը։


 
 
 
 
  • Արխիվ