ChatGPT-ն ստեղծած OpenAI-ի ղեկավարը ցանկանում է $5-7 տրլն ներգրավել ԱԲ զարգացման նպատակով չիպեր արտադրելու համար

15 փետրվարի, 2024  10:31

Արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը բանակցություններ է վարում ներդրողների հետ, այդ թվում՝ ԱՄԷ-ից, որպեսզի 5-7 տրիլիոն դոլար ներգրավի ԱԲ ոլորտում կիրառվող չիպեր արտադրելու համար: Ֆինանսավորումը կուղղվի գրաֆիկական պրոցեսորների պակասը լրացնելուն, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդելների ուսուցման համար, որոնք օգտագործվում են, օրինակ, ChatGPT, Microsoft Copilot և Google Gemini նեյրոցանցերում: Ալթմանն առաջարկում է համագործակցություն OpenAI-ի, ներդրողների, չիպեր արտադրողների և էներգիա մատակարարողների միջև՝ համատեղ ներդրումներ կատարելու չիպերի գործարաններ կառուցելու համար: OpenAI-ը կդառնա նրանց ամենամեծ հաճախորդը։

Նման ներդրում ներգրավելու համար, որը մի քանի անգամ գերազանցում է կիսահաղորդիչների արդյունաբերության տարեկան ընդհանուր գլոբալ վաճառքի ցուցանիշը (527 միլիարդ դոլար), Ալթմանը հանդիպել է հնարավոր ներդրողների հետ ողջ աշխարհից: Նրանց թվում են ԱՄԷ-ի ղեկավարությունը, SoftBank-ի գործադիր տնօրեն Մասայոշի Սոն և Taiwan Semiconductor Manufacturing Co-ի (TSMC) ներկայացուցիչները: TSMC-ն կիսահաղորդիչների աշխարհի ամենամեծ արտադրական հաստատությունն է, որին վստահում են Nvidia-ն, Apple-ը, Intel-ը և AMD-ն, երբ նրանց անհրաժեշտ է տարբեր ծրագրերի համար միկրոսխեմաների, պրոցեսորների և գրաֆիկական քարտերի արտադրություն։

Հաղորդվում է, որ Ալթմանը ձգտում է զգալիորեն ընդլայնել կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային կարողությունները՝ ֆինանսավորելով ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է գրաֆիկական քարտերի և ԱԲ-ի համար նախատեսված այլ չիպերի աճող պահանջարկն ապահովելու համար: Գրաֆիկական քարտերը լավ են կատարում զուգահեռ հաշվարկները, ինչի շնորհիվ դրանք իդեալական են ԱԲ-ի մոդելներ գործարկելու համար: Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ոլորտը բախվում է այս կարևոր բաղադրիչների զգալի պակասի խնդրին, ինչը սահմանափակում է ԱԲ-ի զարգացման և կիրառման ներուժը:

ԱՄԷ-ի մասնակցությունը՝ Շեյխ Թահնուն բեն Զայեդ Ալ Նահյանի գլխավորությամբ, որը անվտանգության գլխավոր պաշտոնյա է և Աբու Դաբիի ինքնիշխան հարստության բազմաթիվ  կառույցների նախագահ, արտացոլում է համաշխարհային հետաքրքրությունը ԱԲ-ի ներուժի և կիսահաղորդիչների արտադրության ռազմավարական կարևորության նկատմամբ: Այնուամենայնիվ, ԱՄԷ-ի զգալի ներդրումները կարևոր տեխնոլոգիական ոլորտում կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական խնդիրների, հատկապես կիսահաղորդիչների արտադրության և ԱԲ-ի զարգացման մեջ ԱՄՆ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների համատեքստում:

ԱՄՆ-ը զգուշորեն է վերաբերվում միկրոչիպերի մատակարարման վրա օտարերկրյա վերահսկողություն թույլ տալուն՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը թվային տնտեսության և ազգային անվտանգության համար: Բայդենի վարչակազմը քայլեր է ձեռնարկում տեղական չիպերի արտադրությանն աջակցելու համար, ներառյալ սուբսիդիաները և կարևոր տեխնոլոգիաներում արվող ներդրումների վերահսկումը օտարերկրյա կարգավորող մարմինների միջոցով։

Այսպես, Սպիտակ տունը հայտարարել է, որ 5 միլիարդ դոլարի ներդրում է կատարում  հետազոտությունների և զարգացման մեջ ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների տեխնոլոգիաները խթանելու համար։ TSMC-ն 40 միլիարդ դոլար է ներդրել ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող չիպերի գործարանում, ինչը ԱՄՆ պատմության մեջ օտարերկրյա ամենամեծ ներդրումներից մեկն է: Այս լույսի ներքո 5-7 տրիլիոն դոլարը, որն Ալթմանը նախատեսում է ներգրավել, անիրականանալի է թվում:

Բնապահպանության ոլորտի փորձագետները նույնպես մտահոգված են շրջակա միջավայրի վրա այս հավակնոտ ծրագրի ազդեցությամբ: Նրանց կարծիքով՝ դրա իրականացման համար հսկայական քանակի բնական ռեսուրսներ կպահանջվեն, ինչպիսիք են ջուրը և հազվագյուտ հողային մետաղները։ Այսպես, 2023-ի սեպտեմբերին ԱԲ-ի գործիքների հետևանքով Microsoft-ի կողմից ջրի սպառումն ավելացել է 34%-ով, իսկ OpenAI GPT-3 ուսուցման նպատակով սպառվել է 700,000 լիտր ջուր։ Մյուս խնդիրն այն է, որ նոր գրաֆիկական քարտերի թողարկմամբ հին մոդելները հնանում են ընդամենը մեկ-երկու տարի հետո դեն են նետվում: Նրանք պնդում են, որ ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրի վրա ԱԲ-ի զարգացման ազդեցությունն այսօր մշուշոտ է, իսկ Ալթմանի նախագիծը հաստատ չի բարելավի իրավիճակը։


 
 
 
 
  • Արխիվ