Կարո՞ղ են ԱԲ-ի պատճառով նվազել մարդու մտավոր ունակությունները և հանգեցնել նրա դեգրադացմանը

14 փետրվարի, 2024  16:13

Արհեստական ​բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների համատարած օգտագործումը կարող է հանգեցնել մարդկանց մտավոր ունակությունների նվազմանը. քանի որ նեյրոնային ցանցերը կիրականացնեն մտավոր խնդիրների մեծ մասը, մարդիկ տեսանելի ապագայում կարող են բթանալ և կորցնել ճանաչողական խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունը: Այս մասին զգուշացնում է Մեքսիկայի Մոնտերեյի համալսարանի պրոֆեսոր Հումբերտո Լեոն Դոմինգեսը, որը թեմայի շուրջ իր մտքերը ներկայացրել է Neuropsychology գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ ChatGPT-ն, ի տարբերություն այլ, հատկապես հին ԱԲ մոդելների, օգտագործում է այսպես կոչված փոխարկչի մոդելը, ինչի շնորհիվ դրա պատասխանները շատ նման են կենդանի մարդու դատողություններին։ Եվ չնայած այս նեյրոցանցի հետ շփումը հետաքրքիր և օգտակար է՝ այն մարդկանց ազատում է խնդիրների լուծումներ փնտրելու և պլաններ կազմելու առաջադրանքներից, թեև դրանք օգտակար մարզումներ են ճանաչողական գործառույթների զարգացման և պահպանման համար:

Գիտնականի խոսքով՝ ԱԲ-ի այսպիսի սերտ ինտեգրումը մարդու մտքի գործընթացներին հղի է պոտենցիալ ռիսկերով։ Գիտնականը հիմնական խնդիր է համարում «ճանաչողական բեռնաթափումը». մարդիկ կարող են չափից դուրս կախվածություն ձեռք բերել նեյրոցանցերից, ինչը կհանգեցնի մտավոր առաջադրանքներն ինքնուրույն կատարելու՝ նրանց ունակության նվազմանը։ Առանց այսպիսի վարժությունների մկանները թուլանում են, և ճանաչողական հմտությունները նույնպես կվատանան, եթե կանոնավոր չօգտագործվեն:

Դոմինգեսն ասում է, որ խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ չափազանց ծույլ կդառնան և մտածելու վրա ժամանակ չեն ծախսի. կա ճանաչողական զարգացման և խնդիրներ լուծելու կարողության հետաձգման ավելի մեծ ռիսկ: Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ քննադատական ​​մտածողության և կրեատիվության պակասի հետ կապված լուրջ խնդիրներ կունենան, քանի որ նրանք սովոր են թույլ տալ, որ ԱԲ-ն կատարի մտավոր ամբողջ ծանր աշխատանքը:

Գիտնականի խոսքով՝ ոչ բոլոր տեխնոլոգիաներն են կապված ճանաչողական բեռնաթափման ռիսկի հետ։ Առայժմ ավանդական գործիքների մեծ մասը նախկինի պես պահանջում է մարդկային ջանքեր գործադրել արդյունք տալու համար:


 
 
 
 
  • Արխիվ