Apple-ի աշխատակիցը գաղտնի տվյալներ գողանալու համար դատապարտվել է և տուգանվել մոտ 147,000 դոլարով

12 փետրվարի, 2024  21:19

Apple-ի նախկին ինժեներն 120 օր ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ընկերության ինքնակառավարվող մեքենաների տեխնոլոգիայի հետ (նաև հայտնի է որպես Project Titan) կապված առևտրային գաղտնիք հանդիսացող տվյալները գողանալու մեջ։

Սյաոլան Չժանին մեղադրանք է առաջադրվել դեռևս 2018-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած հետաքննության արդյունքում։ Այդ ժամանակ նա աշխատելիս է եղել Project Titan կոչվող նախագծի վրա։ Նա երեխայի խնամքի համար արձակուրդ է վերցրել, սակայն երբ արձակուրդն ավարտվել է, ընկերությանը տեղեկացրել է, որ չի ցանկանում վերադառնալ։ Իսկ ավելի ուշ աշխատանքի է անցել ինքնակառավարվող մեքենաներ մշակմամբ զբաղվող չինական ստարտափում:

Apple-ը Չժանի հեռանալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության իր սեփական հետաքննությունն է սկսել, որի շրջանակում հետևել է նաև նրա Apple սարքերին: Ընկերությունը պարզել է, որ Չժանը գողացել է ֆայլերի մի քանի օրինակ այն նախագծերից, որոնց վրա աշխատել է Apple-ում աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ինքնակառավարվող մեքենաների համակարգերից մեկի նախագիծը:

Թեև Չժանն իրեն մեղավոր չի ճանաչել, երբ առաջին անգամ նրան մեղադրանք էր ներկայացվել 2018-ին, սակայն ավելի ուշ՝ 2022-ին, նա ընդունել է մեղքը: Կալիֆոռնիայի դատավորը ինժեներին դատապարտել է 120 օրվա ազատազրկման։ Դատարանը նաև վճռել է, որ երեք տարի պետք է վերահսկողության տակ լինի և վճարի նաև 146,984 դոլար տուգանք։


 
 
 
 
  • Արխիվ