«Մենք պետք է առաջնորդենք այս տեխնոլոգիական հեղափոխությունը». Հակոբ Արշակյանը՝ արհեստական բանականության մասին

2 փետրվարի, 2024  11:32

Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը Հայաստանում, հետ չմնանք այս տեխնոլոգիական հեղափոխությունից, անգամ կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Առաջինն ուզում եմ խոսել Cognaize ընկերության մասին, որը հայկական ստարտափ է 450-ից ավելի աշխատակիցներով և շուրջ 20 մլն դոլար ներդրում է ներգրավել: Նրանք զբաղվում են խորհրդակցական մեծ ընկերությունների համար արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական և փաստաթղթային ամբողջ համակարգի վերլուծությամբ: Դրա արդյունքում հնարավոր է դառնում ընկերության ֆինանսական առողջության մասին, ներդրումների ներգրավման կարողությունների մասին դատողություններ անել և այլն:

Ես խնդրեցի ֆինանսների նախարարի հետ հանդիպում, որպեսզի կարողանա այս ընկերությունը ներկայացնել, թե իրենք ինչ են անում, միգուցե պետության համար նույնպես նման ծառայությունների անհրաժեշտություն լինի:

Եվ հայտնաբերեցինք մի քանի հետաքրքիր փաստ. առաջինն այն է, որ մենք չունենք այնպիսի  տվյալների բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմը աշխատեցնել և ավտոմատացնել այդ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը և դրա վրա հիմնված և արհեստական բանականությամբ զինված վերլուծություններ անել: Սա մեզ բերեց  ընկալման, որ մենք արհեստական բանականության ոլորտում, այո՛, ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որոնց վրա այդ ալգորիթմները կարող են սովորել»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը մեկ օրինակ բերեց. «Եթե որևէ մեկի ձայնը արհեստական բանականության ալգորիթմը ցանկանա  ճանաչել, որ հնարավոր լինի ավտոմատ կերպով որևէ գործողություն անել, անհրաժեշտ է շատ մեծ քանակի տարբեր ինտոնացիաներով, լեքսիկոններով խոսողների դեպքում այլ ալգորիթմ սովորեցնել: Մենք ունենք մարտահրավեր, որպեսզի նման բազաներ կարողանանք ՀՀ-ում ունենալ»,- ասաց նա:  

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ այցելել է BostonGene ընկերություն. «Այն նոր է տեղափոխվել Հայաստան, 2022-ին, չնայած արդեն 200 նոր մարդ է ընդունել: Նրանք զբաղվում են քաղցկեղի տեղորոշմամբ և բուժմամբ: Օրինակ՝ եթե քաղցկեղի ախտորոշման համար բժիշկը պետք է որոշակի տվյալներ ուսումնասիրի, հետո լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հասկանա, թե այդ քաղցկեղն ինչ բնույթի է, որտեղ է գտնվում, ինչ մեծության է, հետո տա դրա բուժումը, այս ընկերությունը միլիոնավոր տեսակի տվյալներ է հավաքում ամբողջ աշխարհից, դրա վրա արհեստական բանականությունը սովորում է, թե որ դեպքերում ինչպիսի ախտորոշում է տրվում և որ բուժումն է ամենաարդյունավետը: Այնուհետև իր ալգորիթմը սովորում է բժշկին խորհրդատվություն տալ: Այսինքն՝ բժիշկը ոչ թե հիմնվում է իր կամ իր աշխատակիցների փորձի, այլ ամբողջ աշխարհի միլիոնավոր իր նման բժիշկների փորձի վրա»,- ընդգծեց նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ, արհեստական բանականությունը շատ մոտ ապագայում շատ մեծ փոփոխություններ է անելու աշխարհում և այն ընկերությունները և պետությունները, որոնք չեն սովորի օգտագործել արհեստական բանականության բոլոր դրական հնարավորությունները, նրանք կարող են  հայտնվել խորը ճգնաժամի և հետամնացության մեջ։ «Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք դրան: Ես կոչ եմ անում, որ մեր գործընկերները աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի մենք հետ չմնանք այս կարևոր, ես կասեի, տեխնոլոգիական հեղափոխությունից, կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Նշենք, որ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ու լուծումները, որոնք կարող են հեղափոխել բիզնեսի գործառնությունները:

Համաժողովի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:


 
 
 
 
  • Արխիվ