Ճապոնիան վերականգնել է կապը Լուսնի վրա գլխիվայր վայրէջք կատարած SLIM մոդուլի հետ

29 հունվարի, 2024  14:11

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) վերականգնել է հաղորդակցությունը ճապոնական լուսնային առաջին մոդուլի՝ SLIM-ի հետ: Այն վերսկսել է աշխատանքը հունվարի 20-ին վայրէջք կատարելուց հետո առաջին անգամ։

«Անցած գիշեր SLIM-ի հետ կապը հաջողությամբ հաստատվել է և դրա գործունեությունը վերսկսվել է: Անմիջապես սկսվեցին գիտական ​​դիտարկումները»,- ասվում է X սոցիալական ցանցում SLIM էջում արված հրապարակման մեջ։

Կապի հաստատումից հետո սարքը նկարահանում է կատարել հատուկ սպեկտրոսկոպիկ տեսախցիկով։ JAXA-ն հրապարակել է լուսնի մակերևույթից ստացված լուսանկարները։

Ճապոնական SLIM մոդուլը գործարկվել է սեպտեմբերի 7-ին H-IIA MHI արձակման հրթիռով XRISM աստղադիտակի հետ միասին Կագոսիմա պրեֆեկտուրայում գտնվող արբանյակների արձակման Թանեգասիմա կենտրոնից: SLIM-ը Լուսնի վրա վայրէջք էր կատարել հունվարի 20-ին, սակայն վայրէջքի ժամանակ շարժիչներից մեկում առաջացած խնդրի պատճառով գլխիվայր շրջվել էր։ Դրա հետևանքով արևային վահանակները հայտնվել էին արևի հակառակ կողմում և այդ պահին էներգիայի չէին ստանում, որպեսզի մարտկոցը լիցքավորվեր և վերագործարկեր սարքը։

Ակնկալվում էր, որ Լուսնի դիրքի փոփոխությանը զուգահեռ Արեգակի ճառագայթներն աստիճանաբար կհասնեն սարքի արևային վահանակներին, և սարքը կկարողանա լիցքավորվել։ Ըստ երևույթին, հենց այդպես էլ եղել է, այլապես սարքը հնարավոր չէր լինի գործարկել էներգիայի պակասի պատճառով։ 

ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից հետո Ճապոնիան դարձավ աշխարհում հինգերորդ երկիրը, որի ստեղծած մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի մակերեսին։

Այս առաքելության շրջանակում նաև երկու փոքր զոնդեր են իջեցվել Լուսնի վրա՝ LEV-1 և LEV-2։ Հենց դրանցից երկրորդն էր մոդուլը լուսանկարել կողքից՝ գլխիվայր շրջված վիճակում։ Այն ստեղծվել է Sony-ի հետ համագործակցությամբ և երկու կեսի բաժանված գնդակի տեսք ունի:


 
 
 
 
  • Արխիվ