Ճապոնական SLIM մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի վրա, սակայն գլխիվայր վիճակում․ ի՞նչն է պատճառը

26 հունվարի, 2024  19:44

Ճապոնական տիեզերական գործակալությունը (JAXA) հայտնել է, որ SLIM մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի վրա, սակայն Երկրի արբանյակի մակերեսին այն իջել է գլխիվայր շրջված վիճակում։ Ըստ երևույթին, 50 մ բարձրության վրա, խոչընդոտներից խուսափելու մանևր կատարելիս, մոդուլի երկու հիմնական շարժիչներից մեկը չի ապահովել մղման անհրաժեշտ ուժ, ինչը հանգեցրել է վթարային վայրէջքի։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ SLIM-ը դեռ հնարավորություն ունի լիցքավորել մարտկոցները և շարունակել աշխատել։

Ճապոնիան փաստացի դարձել է հինգերորդ երկիրը, որը կարողացավ վայրէջք կատարել Լուսնի վրա: SLIM-ը Լուսին է իջել 1,4 մ/վ արագությամբ, որը եղել է ընդունելիի սահմաններում։ Սակայն շարժիչներից մեկի խափանման և մոդուլի հորիզոնական կողմնորոշման շեղման պատճառով առաջացել է բավականին բարձր կողային արագություն, ինչի հետևանքով մոդուլը վայրէջք է կատարել գլխիվայր վիճակում։

Ցավոք, մոդուլը վայրէջք է կատարել այնպիսի դիրքով, որ արևային մարտկոցները չեն նայում արևի ուղղությամբ, այսինքն՝ եթե ոչինչ չփոխվի, ապա մարտկոցները չեն կարող լիցքավորվել, և առաքելությունը կձախողի։ Այդուհանդերձ, հույս կա, որ արևի դիրքն աստիճանաբար կփոխվի, և դրա ճառագայթները կկարողանան լուսավորել մոդուլի հետևի մասը, որին էլ ամրացված են արևային մարտկոցները։

slim_00.jpg (214 KB)

Մոդուլը լուսնի մակերեսին վայրէջք է կատարել Տոկիոյի ժամանակով 00:20-ին (Երևանի ժամանակով 19։20)։ Ժամը 00:57-ին համակարգերի հոսանքն անջատվել է, երբ արդեն ֆիքսվել էին հեռաչափության տվյալները և տեսախցիկի պատկերները: Առաքելության թիմը մարտկոցի էներգիայի մնացած պաշարը խնայել է սարքավորումների հետագա վերագործարկման համար, եթե մարտկոցները դեռ կարողանան լիցքավորվեն:

SLIM առաքելությանը համար նպատակ էր դրվել Լուսնի վրա վայրէջք կատարել թիրախային կետից 100 մ-ից ոչ ավելի շեղումով: Թեև տվյալները դեռ ճշտվում են, մոդուլը հաղթահարել է առաջադրանքը: Այն թիրախային կետից շեղվել է մոտ 55 մ-ով, հետագայում շեղումը ավելի ճշգրիտ կգնահատվի:

Մոդուլի բոլոր գիտական ​​սարքավորումներն աշխատելիս են եղել, երբ հոսանքն անջատել են։ Աշխատանքի ընթացքում բացվել է ցածր կետայնությամբ բազմաճառագայթ տեսախցիկի (MBC) սկանավորման օպտիկան, որը նույնիսկ գլխիվայր շրջված դիրքից նկարահանել է Լուսնի մակերևույթը և հայտնաբերել բարձր կետայնությամբ սպեկտրալ տեսախցիկով սկանավորման համար անհրաժեշտ թիրախներ։ Եթե ​​մոդուլի էլեկտրամատակարարումը վերականգնվի, սարքավորումները կկարողանան մանրամասն ուսումնասիրել հետաքրքիր օբյեկտները։

Այս առաքելության շրջանակում երկու փոքր զոնդեր են իջեցվել Լուսնի վրա՝ LEV-1 և LEV-2։ Հենց դրանցից երկրորդն է մոդուլը լուսանկարել կողքից։ Այն ստեղծվել է Sony-ի հետ համագործակցությամբ և երկու կեսի բաժանված գնդակի տեսք ունի: JAXA-ն խոստացել տեղեկացնել բոլոր իրադարձությունների մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ