Apple-ը ԵՄ տարածքում օգտատերերին թույլ կտա երրորդ կողմի հավելվածներ ներբեռնել

26 հունվարի, 2024  12:22

Apple ընկերությունը, համաձայն ԵՄ հակամենաշնորհային պահանջների, ԵՄ-ի օգտատերերին թույլ կտա ներբեռնել հավելվածներ երրորդ կողմի խանութներից, որոնք ստիպված կլինեն ընկերությանը 1 մլն եվրոյի երաշխիք տրամադրել։ Ընկերությունը քննադատել է օրենքը՝ ընդգծելով, որ այն կարող է վտանգ ներկայացնել օգտատերերի գաղտնիությանը։

Apple-ի App Store խանութի ղեկավար Ֆիլ Շիլլերն ասել է, որ մարտին ներկայացվելիք iOS 17.4 օպերացիոն համակարգի գլոբալ թարմացումը ԵՄ տարածքում օգտատերերին թույլ կտա ներբեռնել հավելվածներ երրորդ կողմի խանութներից, սակայն այս փորձառությունն «այնքան էլ լավը չէ, որքան աշխարհի մնացած մասերում». ընկերությունը ստիպված կլինի ավելի դանդաղ տեմպերով բացահայտել խարդախությունները և արձագանքել դրանց, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Apple-ը պետք է ստեղծի տեխնոլոգիա, որը մեկ հավելվածին թույլ է տալիս տեղադրել այլ հավելվածներ, և դա ռիսկեր է պարունակում: Սա կարող է լուրջ վտանգ ներկայացնել ձեր սարքի գաղտնիությանը, անվտանգությանը և ամբողջականությանը»,- ասել է Շիլլերը:

Նա հավելել է, որ ողջ աշխարհում ընտրական կարևոր այս տարում, որը լի է վնասակար ծրագրերի և տեխնոլոգիաների հետ կապված սպառնալիքներով, հավելվածների այլընտրանքային շուկաներից հավելվածներ ներբեռնելու հետևանքով օգտատերերի համար կարող են ծագել «նոր ռիսկեր», որոնք համահունչ չեն Apple-ի անվտանգության չափանիշներին: Ընկերությունը չի տարածի բովանդակության վերաբերյալ իր ուղեցույցները երրորդ կողմի շուկաների վրա, ընդգծել է նա:

Ընկերությունից նաև ասել են, որ Եվրոպական Միության տարածքում մանրակրկիտ ստուգումներից հետո միայն երրորդ կողմի ընկերություններին թույլ կան իրենց հավելվածների խանութները տեղադրել Apple iOS-ով աշխատող սարքերում: Ինչպես պարզաբանում է աղբյուրը, երրորդ կողմի հավելվածների խանութի մշակողները ստիպված կլինեն Apple-ին տարեկան 1 մլն եվրոյի չափով ֆինանսական երաշխիք տրամադրել։

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ն իր եկամտի մոտ մեկ քառորդն ստանում է Եվրոպայից, իսկ 2023-ին տարածաշրջանը դարձել է ընկերության եկամտի երկրորդ մեծ աղբյուրը (25%) ԱՄՆ-ից (42%) հետո։ Գործակալությունը նշում է, որ նոր օրենքը կվերացնի մինչև 30%-ի հասնող միջնորդավճարները, որոնք Apple-ը գանձում էր ծրագրավորողներից 2008-ին App Store-ի գործարկումից ի վեր։ Նրանք այժմ ընկերությանը կվճարեն ներծրագրային վաճառքից ստացված եկամտի 17%-ը, ընդ որում այդ տոկոսադրույքը մեծ մասի համար կնվազի մինչև 10%:

ԵՄ թվային շուկաների հակամենաշնորհային ակտը (DMA) Եվրոպական խորհրդարանը հաստատել է 2022-ի հուլիսին։ Դրա նպատակն է սահմանափակել տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների գերակայությունը, ինչպիսիք են Apple-ը և Google-ը: Ընկերություններն իրենք բազմիցս քննադատել են օրենքը, նույնիսկ փորձել են փոխել այն, սակայն ապարդյուն։ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը մի քանի անգամ ասել է, որ օրենքը չի բխում սպառողների շահերից:


 
 
 
 
  • Արխիվ