Աշխարհի ամենահզոր՝ 1200+ քյուբիթ քվանտային համակարգիչը շուտով հասանելի կլինի ամպում

24 հունվարի, 2024  22:20

Կանադական D-Wave ընկերությունը հայտարարել է, որ արդեն ավելի քան 1200 քյուբիթ հզորությամբ նոր սերնդի քվանտային համակարգչի՝ Advantage 2 վերջնական մշակումներ է անում: Փորձարկումները ցույց են տվել, որ կրկնակի աճել է քյուբիթի կոհերենտության ժամանակը, ինչն արագացնում է հաշվարկները, ինչպես նաև հաշվարկներում սխալները նվազեցնելու համար ընտրված ռազմավարության ճշգրտությունը: Advantage 2 համակարգչի նախատիպը շուտով հասանելի կլինի ընկերության ամպային ծառայության միջոցով, այն կլինի աշխարհի ամենահզոր քվանտային հարթակը։

Նշենք, որ քվանտային կոնկրետ հարթակի հզորության մասին պնդումները պետք է ընդունել առողջ թերահավատությամբ։ Նախ՝ չկա մեկ չափանիշ, որը թույլ կտա համեմատել սկզբունքորեն տարբեր հիմքերի վրա գործող քվանտային հարթակներ՝ սառը չեզոք ատոմներ, գերհաղորդիչ քյուբիթներ, ֆոտոններ, տարրական մասնիկների սպիններ, իոնային թակարդներ և այլն: Երկրորդ՝ D-Wave քվանտային հարթակը նախատեսված է օպտիմալացման խնդիրներ լուծելու համար, ինչը չի դարձնում այն ​​ունիվերսալ:

Բացի դրանից, D-Wave քվանտային համակարգիչը հատուկ ձևով պահպանում է քյուբիթների համաձայնեցված (կոհերենտ) վիճակը՝ դրանց բերելով ակտիվ վիճակի և սպասելով մինչև հանդարտվեն, անցնեն նվազագույն էներգիայի վիճակի, որը կլինի ծրագրավորված առաջադրանքի (տրված ալգորիթմի) պատասխանը։ Հետևաբար, իմաստ ունի համեմատել նախորդ և նոր սերունդների D-Wave համակարգերը:

Ընկերությունը վստահեցնում է, որ Advantage 2 քվանտային համակարգիչները զգալիորեն գերազանցում են Advantage համակարգիչներին: Օրինակ՝ դրանք 20 անգամ ավելի արագ են լուծում խնդիրները այնպիսի անսովոր մագնիսների ուսումնասիրության մեջ, ինչպիսին սպինային ապակին է: Սա օպտիմալացման խնդիրների կարևոր ընտանիք է, որը դժվար է դասական համակարգիչների համար:

Advantage 2-ը նաև երկու անգամ ավելի արագ է կատարել նյութի մոդելավորման հաշվարկները և ունեցել է զգալիորեն ավելի քիչ սխալներ: Արհեստական բանականության համար խնդիրների լուծման ոլորտում Advantage 2-ը 90%-ով գերազանցել է իր նախորդին։

Այս ամենը հնարավոր է դարձել ինչպես գերհաղորդիչ քյուբիթների նոր տոպոլոգիայի շնորհիվ, որը հնարավոր միացումների թիվը 15-ից հասցրել է 20-ի, այնպես էլ կոհերենտության ժամանակը կրկնապատկելու, ինչպես նաև հարթակի մասշտաբի հետագա մեծացման և աղմուկի մակարդակի նվազեցման շնորհիվ: 1200+ քյուբիթով նոր ինտեգրալ սխեմաներ համակարգը հասանելի կլինի ընկերության Leap ամպային ծառայության միջոցով:

Առևտրային առաքումների համար ընկերությունը նախատեսում է հավաքել 7000 քյուբիթանոց համակարգեր: Դրանք պետք է հասանելի լինեն մինչև այս տարվա վերջ, թեև չի բացառվում, որ դա մի փոքր հետաձգվի: Advantage 2-ի նախատիպը 500 քյուբիթով պատրաստ էր մեկուկես տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը կարողացել է արտադրել միայն 1200 քյուբիթանոց նախատիպ, ինչը վկայում է նախկինում հայտարարված ժամանակացույցից զգալի հետ մնալու մասին:


 
 
 
 
  • Արխիվ