ՌԴ-ում ստեղծվել է նեյրոցանց, որը ճանաչում է մանրադիտակի արած պատկերները

23 հունվարի, 2024  22:31

Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի Խելացի ռոբոտաշինության ինստիտուտը մշակել և գործարկել է արհեստական ​բանականության վրա հիմնված iOk անվճար առցանց ծառայությունների փաթեթ, որոնք կարող են ավտոմատ վերլուծել և նկարագրել  մանրադիտակների միջոցով արված պատկերները: Հարթակը նպատակ ունի գիտնականներին ազատելու սովորական առաջադրանքներից, որոնք առաջանում են նկարները ձեռքով մշակելիս:

«Գիտնականների առաջ հաճախ խնդիր է դրվում բնութագրել մանրադիտակով ստացված պատկերները. անհրաժեշտ է որոշել, օրինակ, առարկաների միջին չափը կամ դրանց թիվը: Նախկինում գիտնականները ստիպված էին այդ մանիպուլյացիաները կատարել ձեռքով՝ ծախսելով մեծ ջանքեր և ժամանակ»,- Gazeta.Ru-ին ասել է Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի Խելացի ռոբոտաշինության ինստիտուտի Ֆիզիկական մեթոդներում մեքենայական խորը ուսուցման լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Մատվեևը:

iOk հարթակը պատկերների վերլուծության համար արհեստական ​​բանականության վրա հիմնված երեք առցանց ծառայությունների շարք է: Ծառայությունները կոչվում են No Code ML, DLgram և ParticlesNN: Առաջին երկուսն իրականացվում են Telegram մեսենջերներում բոտի տեսքով, իսկ երրորդը վեբ ծառայություն է։ Բոլոր ծրագրերի առանցքը Cascade Mask-RCNN նեյրոցանցն է, որն ուսուցանվել է 5000 առարկայի վրա։

Երեք ծրագրերն էլ կարող են աշխատել տարբեր պատկերների հետ՝ էլեկտրոնային մանրադիտակներով արված պատկերներ, թվային տեսախցիկներով արված պատկերներ (այդ թվում՝ սմարթֆոններից), ինչպես նաև տեսագրություններ։ Դրանք ճանաչում են տարբեր առարկաներ՝ նանոմասնիկներ, միկրոօրգանիզմներ, բջիջներ և այլն։

Մատվեևի խոսքով՝ համանման այլ ծառայություններից իրենց ստեղծածները տարբերվում են նրանով, որ չեն պահանջում բարձր կետայնությամբ պատկերներ։ Ռուսական մշակումը նաև կարող է բացահայտել և անտեսել պատկերների աղմուկն ու լույսը, որոնք արհեստական բանականության այլ գործիքները ճանաչել են որպես առանձին առարկաներ և որոնք ազդել արդյունքի ճշգրտության վրա:

«Օգտատերերի հարմարության համար մենք դրանք համատեղել ենք մեկ iOk հարթակում։ Արդեն դրա օգտատերերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 500 մասնագետ»,- հավելել է Անդրեյ Մատվեևը։


 
 
 
 
  • Արխիվ