Սմարթֆոնների ճնշող մեծամասնությունում լուրջ խոցելիություն է հայտնաբերվել․ ի՞նչ վտանգ է այն ներկայացնում

18 հունվարի, 2024  12:23

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Համակարգչային գիտության և արհեստական ​​բանականության լաբորատորիայի (CSAIL) ամերիկացի գիտնականները խոցելիություն են հայտնաբերել բոլոր այն սարքերում, որոնք ունեն լուսավորության աստիճանը ֆիքսող սենսորներ և էկրաններ: Ժամանակակից գրեթե բոլոր սմարթֆոնները և բջջային այլ սարքերը համապատասխանում են այս չափանիշներին: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ​​ամսագրում։

Լուսավորության սենսորները գնահատում են շրջակա միջավայրի լուսավորության աստիճանը և ըստ այդմ կարգավորում էկրանի պայծառությունը: Այնուամենայնիվ, այս սենսորներն օգտագործելու համար հավելվածները կարիք չունեն օգտատերերի թույլտվությունը խնդրելու՝ ի տարբերություն սմարթֆոնների տեսախցիկների:

CSAIL-ի թիմը ստեղծել է հաշվողական պատկերման ալգորիթմ՝ շրջակա միջավայրի պատկերը վերականգնելու համար, որը ֆիքսել է լուսավորության սենսորը։

«Լուսավորության սենսորները կարող են պասիվ կերպով արձանագրել մեր գործողությունները՝ առանց մեր թույլտվության: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էկրանի հետ զուգակցվելիս այդ սենսորները վտանգ են ներկայացնում գաղտնիությանը՝ հաքերներին տեղեկություններ տրամադրելով»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Յանգ Լյուն:  

Խնդիրը լուծելու համար գիտնականները օպերացիոն համակարգեր մշակողներին առաջարկել են երկու միջոց՝ հայտնաբերված խոցելիության հետևանքները մեղմելու նպատակով խստացնել թույլտվության քաղաքականությունը և նվազեցնել սենսորների ճշգրտությունն ու արագությունը:

Ըստ նրանց՝ նվազեցնելով այս բաղադրիչների ճշգրտությունն ու արագությունը՝ սենսորները կբացահայտեն ավելի քիչ զգայուն տեղեկություններ: Ենթադրվում է, որ որևէ խելացի սարքի վրա առկա լուսավորության սենսորը չպետք է ուղղակիորեն ուղղված լինի օգտագործողի վրա, այլ պետք է տեղադրվի այն կողմում, որտեղ այն չի նկատի որևէ կարևոր տեղեկություն էկրանին արվող գործողությունների վերաբերյալ։


 
 
 
 
  • Արխիվ