ԱԲ-ն գենդերային կարծրատիպերի հակումներ ունի. ինչո՞ւ է սա խնդիր

11 հունվարի, 2024  21:21

ChatGPT և արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող այլ համակարգերը, որոնք հիմնված են լեզվական մեծ մոդելների վրա, հակված են վերարտադրելու գենդերային կարծրատիպերը. ինչպես պարզել են Մանհեյմի համալսարանի և Լայբնիցի սոցիալական գիտությունների ինստիտուտի հետազոտողները, դրանք տարբեր կերպ են որոշում տղամարդկանց և կանանց արժեքները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Perspectives on Psychological Science (PPS) գիտական ​​ամսագրում:

Հետազոտության հեղինակները անհատականության գծերը գնահատելու համար օգտագործել են ընդհանուր ընդունված մեթոդներ, որոնք սովորաբար օգտագործվում են մարդկանց բնավորություններն ուսումնասիրելու համար։ Եվ նրանք պարզել են, որ ԱԲ որոշ մոդելներ հակված են վերարտադրելու գենդերային կարծրատիպերը: Օրինակ՝ հիմնական արժեքները որոշելու համար հատուկ հարցաթերթիկներ լրացնելիս ԱԲ-ն ընտրել է «ձեռքբերում և արժանիք» տարբերակը, եթե հարցաշարի տեքստը նախատեսված է եղել տղամարդու համար: Սակայն թեստի կանանց տարբերակում նեյրոցանցը որպես հիմնական արժեքներ նշել է «անվտանգությունը» և «ավանդույթները»:

Ինչո՞ւ է սա խնդիր

Առաջին հերթին, ԱԲ-ի զգայունությունը գենդերային կարծրատիպերի նկատմամբ ենթադրում է, որ այն դեռ անաչառ կողմ չէ: Հետևաբար, դրա եզրակացություններին վստահել չի կարելի՝ գոնե որոշ հարցերում։

«Սա կարող է հեռահար հետևանքներ ունենալ հասարակության համար: Օրինակ՝ լեզվական մոդելներն ավելի ու ավելի են օգտագործվում կիրառական գործընթացներում: Եթե ​​մեքենան կողմնակալ է, դա ազդում է թեկնածուների գնահատման վրա»,- բացատրել է այս գիտական ​​աշխատանքի հեղինակերից Մաքս Պելլերտը, որը նաև տվյալների և ճանաչողականության (ճանաչողության ուսումնասիրություն) մասնագետ է:


 
 
 
 
  • Արխիվ