Samsung-ը ցուցադրել է նոր ռոբոտ օգնականին․ ի՞նչ նոր հնարավորություններ ունի այն

10 հունվարի, 2024  16:22

Հարավկորեական տեխնոլոգիական հսկա Samsung-ը ներկայացրել է իր Ballie անունով ռոբոտ-ուղեկցորդի նոր տարբերակը, որը նախատեսված է տունը վերահսկելու համար: Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել տեխնոլոգիական մշակումների CES 2024 ամենամյա խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում, հայտնում է Samsung-ի պաշտոնական կայքը։

Ballie-ն ունի երեք անիվ և տարածքում տեղաշարժվում է տեսախցիկների և լազերային ռադարի միջոցով: Այն կարող է օգտագործվել խելացի տան գործառույթները կառավարելու համար, ներառյալ լուսավորությունը, օդորակումը և ջեռուցումը:

Սարքը կարող է նաև պարեկել տարածքը՝ լուսանկարներ փոխանցելով սեփականատիրոջը և տեսախցիկից տեսանյութ հեռարձակելով սմարթֆոնի հավելվածի միջոցով։ Ռոբոտը վերահսկվում է տեքստի հրամանների կամ ձայնի միջոցով:

Ի տարբերություն առաջին տարբերակի, որը ցուցադրվել է 2020-ին, նոր Ballie-ն ունի պրոյեկտոր, որը կարող է պատկերներ ցուցադրել պատերի և առաստաղների վրա: Ընկերության պատրաստած գովազդային տեսահոլովակում երևում է, թե ինչպես են դրա միջոցով տեսազանգեր են կատարվում։

Samsung-ը նշել է, որ նոր արտադրանքը գործում է արհեստական ​բանականությամբ, ինչը թույլ է տալիս սովորել և ավելի լավ կատարել սեփականատիրոջ պահանջները։ Ընկերությունը խոստացել է Ballie-ն վաճառքի հանել մինչև 2024-ի վերջ։


 
 
 
 
  • Արխիվ