Ինչո՞ւ է iPhone 14-ների թողարկման պլանը կրճատվել 3 միլիոնով

7 նոյեմբերի, 2022  20:51

Մինչև տարեվերջ Apple-ն առնվազն 3 միլիոնով պակաս iPhone 14 սմարթֆոն կթողարկի, քան ի սկզբանե նախատեսել էր։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, մինչև տարեվերջ թողարկվելիք iPhone 14 շարքի սմարթֆոնների քանակը 90 մլն հատից կրճատվել է մինչև 87 մլն։ Իսկ SMBC Nikko-ի վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ն այս տարի կկարողանա թողարկել 85 մլն սմարթֆոն՝ նախապես ծրագրված 91 մլն-ի փոխարեն։

Թեև ընկերությունը խնդիրներ ունի Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող գործարանի հետ, որը կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի պատճառով կարանտինային սահմանափակումների տակ է հայտնվել, արտադրված սմարթֆոնների քանակի նվազման հիմնական պատճառը iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի ցածր պահանջարկն է (նախ՝ աշխարհում, իսկ հետո Չինաստանում, որը ընկերության առանցքային շուկաներից էր)։

Սակայն պետք չէ թերագնահատել նաեւ արտադրական խնդիրների դերը։ Թվարկված մոդելների պահանջարկի նվազման ֆոնին iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի պահանջարկն աճել է, և Apple-ը, կարծես, չի կարողանում բավարարել այդ պահանջարկը, ինչը նույնպես մատնանշում է արտադրության խնդիրները:

Հիշեցնենք, որ Apple-ը վերջին ամիսներին բախվել է մի շարք խնդիրների, որոնք կարող են լրջորեն ազդել ընկերության հետագա գործունեության վրա։

Իրավիճակը կարող է դեպի լավը փոխել iPhone 15 շարքը, որը սպասվում է հաջորդ տարի։ Եթե ​​այս շարքի սմարթֆոնները կարողանան առաջացնել սպառողների հետաքրքրությունը և լավ վաճառվեն, ընկերության բիզնեսը, ամենայն հավանականությամբ, նորից կաճին։ Իսկ եթե ​​պարզվի, որ նոր սարքերն ունեն iPhone 14-ի նույն ֆունկցիաները և շուկայում առաջացնեն նույնքան հետաքրքրություն, ապա Apple-ի բիզնեսը կշարունակի վատթարանալ:


 
 
 
 
  • Արխիվ