Լուսնի վրա մարդկանց վայրէջքի վերելակի նախատիպը հաջողությամբ անցել է փորձարկումը

28 դեկտեմբերի, 2023  12:21

NASA-ի տիեզերագնացներ Նիկոլ Մանն ու Դագ Ուիլոքը հաջողությամբ փորձարկել են SpaceX ընկերության Starship Human Landing System (HLS) վերելակային համակարգի փոքրացված նախատիպը։ Ապագայում նմանատիպ սարքը պետք է Լուսնի մակերես իջեցնի Artemis III և Artemis IV առաքելությունների տիեզերագնացներին: Այս մասին ասվում է NASA-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Լուսնային վերելակի մոդելը կառուցվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոթորն քաղաքում գտնվող SpaceX օբյեկտում։ Այն խցիկի մի հատված է՝ գործող մեխանիզմներով և կառավարմամբ։ Փորձարկումների ժամանակ տիեզերագնացները կրել են տիեզերական կոստյումներ՝ նմանակելու շարժունակության սահմանափակումները, որոնց նրանք կհանդիպեն Լուսնի վրա:

Ակնկալվում է, որ HLS համակարգով Starship տիեզերանավի վայրէջքի մոդուլը Artemis առաքելության երկու հոգուց բաղկացած անձնակազմին թույլ կտա ճանապարհորդել Լուսնի և Orion տիեզերանավի միջև նկած տարածությունում, որտեղ այդ պահին կլինեն անձնակազմի մնացած անդամները:

Artemis III առաքելությունը, որի շրջանակում տիեզերագնացները պետք է վայրէջք կատարեն Լուսնի վրա, նախատեսված է 2025-ին, սակայն NASA-ն չի բացառում, որ այն կարող է հետաձգել Starship-ի վրա կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտության պատճառով:

Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերին NASA-ի Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվեց, և Orion տիեզերանավը վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջը և կվերադառնան Երկիր։ Artemis II-ը կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո․ այն վերջին առաքելությունն էր, որի շրջանակում 1972 թ․ դեկտեմբերին վայրէջք է կատարվել Լուսնի վրա: Իսկ երրորդ փուլի՝ Artemis III առաքելության շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։


 
 
 
 
  • Արխիվ