Microsoft-ը GPT-4 Turbo ամենահզոր նեյրոցանցը հասանելի է դարձրել օգտատերերին, սակայն՝ ոչ բոլորին

25 դեկտեմբերի, 2023  18:19

Microsoft-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռել անվճար փորձել GPT-4 Turbo նեյրոցանցը, որը հասանելի է վճարովի տարբերակով՝ ChatGPT Plus բաժանորդագրությամբ միայն: Սակայն փորձարկողներին ընկերությունն ընտրել է պատահականության սկզբունքով: Microsoft-ը ներկայումս փորձարկում է ChatGPT-4 Turbo-ի ինտեգրումը, ինչպես նաև փլագինների (plugin) աջակցությունը սեփական Bing Chat չատբոտում (Microsoft Copilot):

Microsoft-ը նախատեսում է նաև թարմացնել Code Interpreter գործառույթը, որպեսզի այն համապատասխանեցնի OpenAI հարթակի հնարավորություններին: Սա նշանակում է, որ Microsoft Copilot-ում Code Interpreter-ը շուտով կկարողանա պատասխանել ծրագրավորման կամ տվյալագիտության ավելի բարդ հարցերին:

GPT-4 Turbo-ն OpenAI ընկերության նոր ChatGPT մոդել է՝ հիմնված գոյություն ունեցող GPT-4 մոդելի վրա: Լեզվական մոդելը ուսուցանվում է մինչև 2023-ի ապրիլ հանրությանը հասանելի տեղեկությունների վրա, այնպես որ, այն կարող է ավելի ճշգրիտ պատասխանել օգտատերերի հարցերին վերջին իրադարձությունների վերաբերյալ: GPT-4-ը հասանելի է միայն Plus-ի բաժանորդներին և վճարովի է:

Վկայակոչելով Microsoft-ի աղբյուրները՝ Windows Latest կայքը հայտնում է, որ ընկերությունն իր Bing Chat-ում ներկայացնում է ChatGPT-ի վերջին մոդելը: Ճիշտ է, GPT-4 Turbo-ն այս դեպքում անընդհատ չի օգտագործվում, սակայն կախված կոնկրետ հարցումից, ինչպես նաև plugin-ի կարգավորումներից, Bing Chat-ը կարող է անցումներ անել իր ներկայիս ԱԲ մոդելի և GPT-4 Turbo-ի միջև: Bing Chat-ում GPT-4 Turbo-ն փորձարկելու հնարավորությունը, ինչպես արդեն նշվեց, լիովին կախված է հաջողությունից, քանի որ փորձարկման մասնակցողներն ընտրվում են պատահականության սկզբունքով: Այնուամենայնիվ, Microsoft-ը հաստատել է, որ նախատեսում է էլ ավելի շատ մարդու ընդգրկել անվճար փորձարկողների շարքերում։

Կան մի քանի եղանակներ պարզելու, թե արդյոք օգտատերը մուտք ունի GPT-4 Turbo-ին Bing Chat-ի շրջանակում: Ամենահեշտ ձևը հետևյալն է․ համակարգչի կամ նոութբուքի բրաուզերում  պետք է բացել Bing.com/chat հղումը, ստեղծել նոր թեմա և դիտել վեբ էջի սկզբնական կոդը: Այնուհետև, օգտագործելով Ctrl+F ստեղները սեղմելով (կամ Find in page գործառույթը) Edge կամ Chrome բրաուզերում, հարկավոր է որոնել «dlgpt4t»-ն: Եթե ​​գտնեք այն վեբ էջի սկզբնական կոդում, դա նշանակում է, որ օգտատերը մուտք ունի GPT-4 Turbo-ին:

Բջջային սարքերի դեպքում դա կարելի է անել հետևյալ կերպ․ Bing Chat չատբոտում հարկավոր է վերբեռնել լուսանկար (ցանկալի է վերացական) և չատբոտին խնդրել, որպեսզի նկարագրի այն զգացմունքները, որոնք առաջացնում է տվյալ լուսանկարը: Եթե այն կարողացավ նկարագրել, ապա դա նշանակում է, որ GPT-4 Turbo մոդելն ակտիվացված է, քանի որ ի տարբերություն նախորդ GPT մոդելների, Bing Chat-ում ներառված վերջին մոդելը կարող է ճանաչել զգացմունքները և ազատորեն խոսել դրանց մասին:

Bing Chat-ում նաև ավելացվել է փլագինների կարգավորումներ: Ցանկության դեպքում կարելի է այս կարգավորումն օգտագործել Bing Chat հարցման ժամանակ Bing որոնման հարթակի միջոցով որոնումներն անջատելու համար: Եթե ​​անջատեք Bing Search հավելվածը, Bing Chat-ի չատբոտը Bing-ում հղումներ չի փնտրի՝ ձեր հարցման պատասխանները գտնելու համար: Փոխարենը, այն ամբողջությամբ կհիմնվի իր սեփական տվյալների վրա, որոնք ձեռք է բերել ուսուցանվելու ժամանակ։

Բացի դրանից, եթե ձեր հարցումը ներառում է տեղեկություններ 2023-ի հունվար-ապրիլ ընկած ժամանակահատվածի իրադարձությունների վերաբերյալ և չատբոտը տալիս է ճիշտ պատասխան, ապա դա նույնպես հաստատում է, որ հենց GPT-4 Turbo մոդելն է օգտագործվում հարցումներին պատասխանելու համար:


 
 
 
 
  • Արխիվ