Թիմ Քուկի կարողությունը հասնում է $2 մլրդ-ի, թեև այս տարի նրա աշխատավարձը կրճատվել է

25 դեկտեմբերի, 2023  14:21

Երբ Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո Թիմ Քուկը ստանձնեց Apple-ի ղեկավարի պաշտոնը, նրան մի շարք դժվար առաջադրանքներ էին սպասվում: Սակայն Քուկի աշխատասիրությունն ու ռազմավարական տեսլականը նրան ոչ միայն ճանաչում բերեցին, այլև զգալի ֆինանսական առաջընթաց։ Forbes-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։ Դա ներառում է Apple-ի միլիոնավոր բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է հարյուր միլիոնավոր դոլարների։

Ըստ Forbes-ի թարմացված վիճակագրության՝ իր 2 միլիարդ դոլար կարողությամբ Apple-ի գործադիր տնօրենը մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում 1583-րդն է։ Նրա ակտիվները ներառում են Apple-ի մոտ 3,3 միլիոն բաժնետոմս, որոնք ընթացիկ շուկայական արժեքով գնահատվում են գրեթե 652 միլիոն դոլար:

2022-ին նրա վարձատրությունը կազմել է մոտ 100 միլիոն դոլար, ինչը բուռն քննարկումների տեղիք էր տվել ընկերության բաժնետերերի շրջանում։ Այս գումարը ներառում էր և՛ աշխատավարձը, և՛ Apple-ի բաժնետոմսերը, ընդորում՝ բաժնետոմսերի մի մասը կապված էր ընկերության գրանցած արդյունքների հետ: Apple-ի ղեկավարների պարգևատրումները սերտորեն կապված են ընկերության հաջողությունների հետ, և Apple-ը Քուկի ղեկավարության ժամանակ հասել է իր թիրախային ցուցանիշներին։

2023-ին խոշոր ՏՏ ընկերություններում, ներառյալ Microsoft-ում, Google-ում և Amazon-ում զանգվածային կրճատումների ֆոնին Քուկը դրսևորեց առաջնորդություն՝ իր աշխատավարձը կրճատելով 40%-ով։ Դրա արդյունքում 2023-ին նրա տարեկան եկամուտը կազմեց մոտ 49 միլիոն դոլար՝ ներառյալ բաժնետոմսերի օպցիոնները: Քուկն ընդգծել է, որ Apple-ում աշխատողների կրճատումները դիտվում են որպես ծայրահեղ միջոց: Ի տարբերություն այլ տեխնոլոգիական հսկաների, Apple-ը չի վարել աշխատանքի ընդունելու ագրեսիվ քաղաքականություն:

Քուկի ղեկավարության օրոք 2023-ին Apple-ի կապիտալիզացիան գերազանցել է 3 տրիլիոն դոլարը, չնայած ընկերության ֆինանսական եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով: Վերլուծաբանները ենթադրում են, որ մինչև 2024-ի վերջ Apple-ի կապիտալիզացիան կարող է հասնել 4 տրիլիոն դոլարի: Բացի դրանից, Apple-ի ծառայությունների ոլորտը գնահատում են 1,5-ից 1,6 միլիարդ դոլար, որը ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են iCloud-ը, Apple Music-ը և App Store-ը:

Թիմ Քուկը Apple-ը բարձրացրել է նոր մակարդակի՝ զարգացնելով և գործարկելով այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են Apple Watch-ը, Intel-ի պրոցեսորներից անցնելով Mac-ի համար նախատեսված M շարքի սեփական արտադրության չիպերին և մուտք գործելով խառը իրականության հատված՝ պրեմիում Apple Vision Pro սարքերով: Ակնկալվում է, որ դրանց մատակարարումը կսկսվի 2024-ի փետրվարին։ Այս քայլերը հաստատում են Քուկի կարևորությունը Apple-ի համար և, անկասկած, արդարացնում են նրա վաստակը:


 
 
 
 
  • Արխիվ