Գործարկվել է Midjourney-ի պատկերների գեներացման նոր գործիքը՝ V6-ը. այն նաև սովորել է տեքստեր ստեղծել

22 դեկտեմբերի, 2023  14:33

Թողարկվել է Midjourney V6-ի՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) պատկերների գեներատորի ալֆա տարբերակը: Մշակողները նշում են, որ այս մոդելի ամենաուշագրավ նորամուծություններից են ավելի իրատեսական և մանրամասներ պարունակող լուսանկարները, ինչպես նաև տեքստ գեներացնելու կարողությունը:

Ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Հոլցն ասել է, որ Midjourney V6-ը իրականում «երրորդ մոդելն է, որը վերապատրաստվել է զրոյից ընկերության ԱԲ սուպերկլաստերի վրա», և մշակման համար պահանջվել է ինը ամիս:

Թարմացված նեյրոցանցին միանալն ավտոմատ կերպով չի լինում։ Midjourney բոտի հետ Discord չատում պետք է անցնել կարգավորումների ռեժիմ «/settings» հրամանով, այնուհետև ընտրել «V6» վերևից բացվող մենյուում: Որպես այլընտրանք՝ յուրաքանչյուր պատկերի նկարագրությունից հետո կարելի ավելացնել «-v 6» տարբերակը։

mj6_1.jpg (428 KB)

Դեյվիդ Հոլցը նաև ասել է, որ նոր մոդելն ավելի լավ է կարողանում կատարել տեքստային, նաև երկար տեքստային նկարագրությունից պատկերի ստացումը, կիրառում է բարելավված հուշումներ և խմբագրման մեխանիզմներ։

Midjourney-ում պատկերների նկարագրությունների ստեղծման մեխանիզմն ամբողջությամբ վերափոխվել է. այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են «ֆոտոռեալիզմը» կամ «4K»-ն այլևս չեն գործում, և օգտատերերը ստիպված կլինեն նորից սովորել:

Մշակողները խորհուրդ են տալիս ավելի բաց լինել իրենց ձևակերպումներով, թե ինչ են ցանկանում ստանալ: Օրինակ, եթե օգտատերը ֆոտոռեալիստական ​​պատկեր է ցանկանում ստանալ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել «--style raw» պարամետրը: Նաև հարկավոր է ընտրել «--stylize» պարամետրի ցանկալի բալանս, որի կանխադրված արժեքը «100» է: Որքան փոքր է այդ արժեքը, այնքան մոդելը բառացիորեն է ընկալում հրամանը, և որքան այդ արժեքը մեծանում է, նույնքան մեծանում է պատկերի գեղագիտական ​​կողմը:

mj6_2.jpg (159 KB)

Midjourney-ի ղեկավարն ընդգծել է, որ V6-ը թողարկվել է ալֆա թեստավորման շրջանակում, որի աշխատանքը կարող է կտրուկ փոխվել ժամանակի ընթացքում և հաճախ առանց լսարանին նախապես ծանուցելու: Մոդելի ամբողջական թողարկումով, մշակողները հուսով են, որ օգտատերերն ավելի լավ փորձառություն կունենան և կկարողանան ավելի լավ պատկերներ ստանալ։

Այդուհանդերձ, առայժմ Midjourney V6-ում բացակայում են V5.2-ում առկա որոշ առանձնահատկություններ, ներառյալ խոշորացումը, բայց ապագա թարմացումների շրջանակում դրանք նույնպես կավելացնեն: 


 
 
 
 
  • Արխիվ