Արհեստական բանականության գրած գիտաֆանտաստիկ վիպակն առաջին անգամ հաղթել է գրական մրցույթում

21 դեկտեմբերի, 2023  12:24

Չինաստանում արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ գրված գիտաֆանտաստիկ ժանրի վիպակն ազգային մրցանակ է ստացել։ Սակայն ԱԲ-ը վտանգ է ներկայացնում գրողների համար և անուղղելի վնաս է հասցնում գրական լեզվին, պնդում է ստեղծագործության հրատարակիչը։

Երբ Պեկինի Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Շեն Յանը որոշում է գիտաֆանտաստիկ վեպ գրել մետավերսի և մարդանման ռոբոտների մասին, նա ոգեշնչման համար դիմում է ԱԲ-ի օգնությանը: Արդյունքում ԱԲ-ն գրում է «Հիշողությունների երկիր» վերնագրով ամբողջ վիպակը, որը գրեթե 6000 նիշից է բաղկացած և այժմ Ցզյանսուի երիտասարդական գիտաֆանտաստիկայի մրցույթում մրցանակի է արժանացել: Հոկտեմբերյան մրցանակաբաշխության ժամանակ պատմվածքը 17 այլ պատմվածքների հետ միասին արժանացել է երկրորդ մրցանակի, ինչը նշանակում է, որ այն ստացել է ժյուրիի վեց անդամներից երեքի ձայները:

Մրցույթի մասին զեկույցի համաձայն՝ ժյուրիի անդամներից միայն մեկին են ծանուցել, որ Շենն իր աշխատանքում ԱԲ է օգտագործում։ Սակայն ժյուրիի մեկ այլ անդամ, որն ուսումնասիրում է ԱԲ-ի վրա հիմնված բովանդակության ստեղծման առնչվող հարցեր, հասկացել է, որ Շենի աշխատանքը ստեղծվել է ԱԲ-ի կողմից: Նա ասել է, որ ինքը չի քվեարկել աշխատանքի օգտին, քանի որ այն չի համապատասխանում ստանդարտներին և «զուրկ է վառ զգացմունքներից»:

«Այն բանից հետո, երբ մենք տասնյակ հուշումներ պատրաստեցինք, ԱԲ-ն ստեղծեց ողջ բովանդակությունը՝ սկսած հեղինակի անունից, վերնագրից և տեքստից մինչև տեքստի նկարազարդումներ: Նրան խնդրել էինք գրել Կաֆկայի գրական ոճով։ Գրականության և արհեստական ​​բանականության պատմության մեջ առաջին անգամ ԱԲ-ի կողմից գրված պատմությունն արժանացել է գրական մրցանակի»,- ասել Շենը։

Նա նաև նշել է, որ այս պատմության ստեղծման գործընթացը մանրամասն նկարագրված կլինի և կհրապարակվի «բոլորի համար, ովքեր կցանկանան իմանալ, թե ինչպես ստեղծել լավ գեղարվեստական ​​գրականություն՝ օգտագործելով արհեստական ​բանականությունը»:

«Ժողովրդական գրականություն» հրատարակչության խմբագրական բաժնի տնօրեն Ֆու Ռուչուն ասել է, որ հեշտ չէր հասկանալ, որ Շենի ստեղծագործությունը ստեղծվել է արհեստական ​​բանականության միջոցով։ «Գիտական ​​ֆանտաստիկայի ժանրի ​​գրողները հաճախ ավելի շատ կենտրոնանում են ստեղծագործության և տեսարանի նկարագրության, քան լեզվի վրա»,- նշել է Ֆուն՝ հավելելով, որ այս պատմությունը լավ է գրված։

Այնուամենայնիվ, Ֆուն ասել է, որ ԱԲ-ը կարող է վտանգ ներկայացնել գիտաֆանտաստիկ ժանրի գրողների համար, և զգուշացրել է, որ, իր կարծիքով, ԱԲ-ը կարող է անուղղելի վնաս հասցնել գրական լեզվին։ «Այս պատմվածքում լեզվի զգացողությունն ու ռիթմը շատ թույլ է։ Կարծում եմ, որ ապագայում, գրականության վրա արհեստական ​​բանականության ազդեցության աճի հետ մեկտեղ, լեզվում ուժեղ հույզերը կարող են էլ ավելի հազվադեպ դառնալ»,- նշել է նա։


 
 
 
 
  • Արխիվ