iPhone 16 Pro-ն նոր գերլայնանկյուն տեսախցիկ կունենա

19 դեկտեմբերի, 2023  12:27

iPhone 16 Pro-ն արդիականացված գերլայնանկյուն տեսախցիկ կունենա՝ 48 ՄՊ սենսորով: Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով ինսայդերին, որը չինական Weibo սոցիալական ցանցում ներկայանում է Instant Digital մականունով։

Ըստ ինսայդերի՝ iPhone 16 Pro-ն օգտագործելու է 48 ՄՊ կետայնությամբ երկու սենսոր՝ հիմնական տեսախցիկում և գերլայնանկյուն տեսախցիկում։ Նոր սենսորը գերլայնանկյուն տեսախցիկին պետք է հնարավորություն տա ավելի շատ լույս կլանել, ինչի արդյունքում լուսանկարի որակը կբարելավվի 0,5x խոշորացմամբ նկարահանման ժամանակ: Առաջին հերթին որակը կբարձրանա ցածր լուսավորության պայմաններում։

Սա նաև նշանակում է, որ iPhone 16 Pro-ն կարող է ստանալ 48 ՄՊ ProRAW լուսանկարներ նկարելու հնարավորություն գերլայնանկյուն ռեժիմում: Այս լուսանկարներում պահպանվում են ավելի շատ մանրամասներ՝ օգտատիրոջն ավելի շատ ճկունություն տալով լուսանկարներ խմբագրելիս:

MacRumors-ը գրում է, որ Instant Digital-ը Apple-ի գործընթացների մասին տեղեկությունների հուսալի աղբյուր է։ Օրինակ՝ մինչ այս ինսայդերը առաջինն էր հայտնել դեղին iPhone 15-ի թողարկման, iPhone 15 Pro-ում Spatial Video աջակցության հայտնվելու, Apple Watch Series 9-ի աննշան թարմացման և այլ մանրամասների մասին:


 
 
 
 
  • Արխիվ