YouTube Premium-ը կթանկանա որոշ բաժանորդների համար

11 դեկտեմբերի, 2023  16:34

Google-ը հայտարարել է, որ հունվարից YouTube Premium բաժանորդագրության գինը կբարձրանա այն օգտատերերի համար, որոնք անցել են դրան Google Play Music-ից և YouTube Red-ից։

Այս տարվա հուլիսին կորպորացիան YouTube Premium բաժանորդագրության գինը ԱՄՆ-ում բարձրացրել էր $2-ով՝ մինչև $13,99 ներկայիս և նոր հաճախորդների համար: Այնուամենայնիվ, Google Play Music-ի և YouTube Red-ի օգտատերերին տրվել էր նվազագույնը երեք լրացուցիչ ամիս նույն գնով ծառայությունից օգտվելու հնարավորություն:

Google-ը խոստացել էր մինչև դեկտեմբեր նրանց համար չբարձրացնել բաժանորդագրության գինը՝ այդպիսով ցույց տալով իր վերաբերմունքը հավատարիմ հաճախորդների հանդեպ։ Այժմ այդ ժամկետը մոտենում է ավարտին. հաջորդ տարվա հունվարից հին օգտատերերը YouTube Premium-ի համար ամսական կվճարեն 13,99 դոլար՝ 9,99 և 7,99 դոլարի փոխարեն։

Google-ը բացատրել է, որ որոշումները կայացնելուց առաջ լավ ծանրութեթև է անում ամեն ինչ և գների բարձրացումը թույլ կտա շարունակել բարելավել Premium ծառայությունը և աջակցել YouTube-ում բովանդակություն ստեղծողներին և կատարողներին:

Նոյեմբերի սկզբին Google-ը հայտարարել էր, որ կբարձրացնի YouTube Premium բաժանորդագրությունների գինը ԱՄՆ-ից դուրս՝ Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հարավային Ամերիկայում: Նոյեմբերի 1-ից YouTube Premium-ի գինը բարձրացել է Արգենտինայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չիլիում, Գերմանիայում, Լեհաստանում և Թուրքիայում։ Գների բարձրացումն ազդում է անհատական, ընտանեկան և ուսանողական YouTube Premium և YouTube Music Premium պլանների վրա։

Կորպորացիան YouTube Red-ը ներկայացրել է 2014-ին Music Key անունով, իսկ 2018-ին YouTube Music-ի վերագործարկման հետ մեկտեղ վերաբրենդավորել է YouTube Red-ը: Google Play Music-ը գործարկվել է 2011-ին, սակայն Google-ը հրաժարվել է ծառայությունից՝ հօգուտ YouTube Music-ի 2020-ին։


 
 
 
 
  • Արխիվ