Հայկական արտադրության առաջին արբանյակն արդեն տիեզերքում է. ո՞րն է դրա առաքելությունը և ի՞նչ է պետք իմանալ դրա մասին

10 դեկտեմբերի, 2023  12:32

Դեկտեմբերի 1-ին տիեզերք արձակված հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արդեն Երկրի ուղեծրում է և նորմալ աշխատում է։ Ի՞նչ տվյալներ է այն փոխանցում իր ստեղծողներին: Ո՞րն է դրա առաքելությունը և ի՞նչ նպատակով է այն մշակվել։ Ի՞նչ օգուտներ կարող է այն բերել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումներ տվեց NEWS.am Tech-ին  Ավետիք Գրիգորյանը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Բազումքն ու Գիտական ​​նորարարության և կրթության կենտրոնը համատեղ են մշակել «Հայասաթ-1»-ը։

Արբանյակն «արթնացել է» և արդեն կապի մեջ է

Մինչև տիեզերք ուղարկվելը արբանյակը բավականին երկար ժամանակ անջատված է մնացել՝ առանց լիցքավորման։ Նիդերլանդներում փորձարկումներից հետո այն տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, որտեղ SpaceX-ի Falcon 9 հրթիռը արձակեց այն երկրաշուրջ ուղեծիր մի շարք այլ արբանյակների հետ միասին: Այդ ամբողջ ընթացքում արբանյակի կուտակիչներն աստիճանաբար լիցքաթափվել են, ուստի, երբ այն վերջապես ուղեծրում էր, որոշ ժամանակ է պահանջվել, որպեսզի լիցքավորվի արևային էներգիայով, «արթնանա» և բացի իր ալեհավաքները, որպեսզի սկսի աշխատանքը:

Այժմ «Հայասաթ-1»-ն արդեն կապի մեջ է և տվյալներ է փոխանցում Երկիր, որոնք արբանյակի ստեղծողներն ակտիվորեն հավաքում և վերլուծում են։ Առաջին փուլում նրանք պետք է հասկանան, թե ինչ վիճակում են արբանյակի համակարգերը, արդյոք կան ինչ-որ խնդիրներ, արդյոք որևէ միջամտության կարիք կա՝ օպտիմալացնելու արբանյակների համակարգերի աշխատանքը կամ կարգավորելու ինչ-որ գործառույթներ :

Որոշ ժամանակ անց, երբ արբանյակն արդեն կաշխատի «նորմալ», կանոնավոր ռեժիմով, մասնագետները կկարողանան սկսել որոշակի հետազոտություններ, կգնահատեն համակարգերի աշխատանքը տարբեր պայմաններում, և հատկապես փորձնական իներցիոն չափիչ սարքի (IMU) աշխատանքը, որը նախագծված և արտադրված է Հայաստանում։ Ապագայում նրանք կկարողանան սկսել ավելի «ռիսկային» փորձեր՝ օրինակ, թարմացնել արբանյակի ծրագրակազմը, բարեփոխումներ կատարել դրանում, որպեսզի արբանյակը կարողանա ավելի խելամտորեն կարգավորել կատարվող գործառույթներ և այլն։

«Արբանյակն ունի իր «բնավորությունը», որի հետ մենք ստիպված կլինենք համակերպվել, քանի որ այն ուղեծրում է, ոչ թե մեր ձեռքի տակ՝ լաբորատորիայում։ Մեր հետագա գործողություններից շատերը կախված կլինեն սարքի հենց այս «բնավորությունից» և նրա «ինքնազգացողությունից»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Ի՞նչ տվյալներ է այժմ փոխանցում արբանյակը և ո՞րն է դրա «պիտանիության ժամկետը»

«Ներկայումս «Հայասաթ-1»-ը ռադիոկապի միջոցով Երկիր է հաղորդում իր հիմնական ազդանշանները, որոնք պարունակում են տվյալների նվազագույն հավաքածուն, իսկ արբանյակի կարգաբերումներից հետո՝ նաև նրա բոլոր տվիչների գրանցումները, տարբեր չափումների արդյունքները (այդ թվում՝ արբանյակի կողմնորոշման և դիրքի վերաբերյալ),  և այլն։ Արբանյակը նախատեսված չէ նկարահանման համար, և այն չունի տեսախցիկներ:

««Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է․ դրա չափերն են՝ 10x10x10 սմ, քաշը՝ 1 կգ։ Ուստի, մենք չէինք կարող տեղադրել նրա վրա լավ տեսախցիկ, իսկ «խաղալիք» տեսախցիկ ունենալն անիմաստ էր, քանի որ նման տեսախցիկը քիչ օգուտ կբերեր, բայց կապահանջեր էներգիայի լրացուցիչ ծախս և կարող էր առաջացնել գերտաքացման հետ կապված մի շարք խնդիրներ: Այնպես որ, մենք արբանյակից լուսանկարներ չենք ստանա։ Սակայն մենք ստանում ենք հեռաչափական տվյալներ, տվյալներ իներցիոն չափիչ սարքից, կարող ենք ուսումնասիրել, թե ինչպես է այն աշխատում տիեզերական խիստ պայմաններում, և այդ ամենը մեզ արժեքավոր գիտելիքներ ու փորձ կտա»,- նշեց Գրիգորյանը։

Այսպիսի արբանյակի ծառայության միջին ժամկետը շուրջ հինգ տարի է։ Այդուհանդերձ, այստեղ շատ բան կախված է բախտից. տիեզերքում միշտ կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ ո՛չ կանխատեսել, ո՛չ էլ կանխել: Եթե ​​անգամ արտակարգ իրավիճակներ չլինեն, ժամանակի ընթացքում տիեզերական ծանր պայմանների և ճառագայթման ազդեցության տակ արբանյակի որոշ տարրեր կդադարեն աշխատել, իսկ ինքը՝ արբանյակը, կդառնա անպիտան։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ դրա ուղեծրային կյանքն ավելի երկար կլինի․ արբանյակը կման մոլորակի ուղեծրում 10-12 տարի, և շարքից դուրս գալուց հետո հատուկ ռադարների առկայության դեպքում հնարավոր կլինի շարունակել հետևել դրան։ Վաղ թե ուշ այն կմտնի մթնոլորտի խիտ շերտեր, որտեղ ամբողջությամբ կայրվի, քանի որ այն շատ փոքր է, և նրա ոչ մի մնացորդ չի կարողանա հասնել Երկրի մակերևույթին:

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ արբանյակ և ի՞նչ օգուտ կարող է այն տալ

Երբ մարդիկ լսում են նոր մշակման կամ տեխնոլոգիայի մասին, առաջին հարցը, որ առաջանում է նրանց մտքում, սովորաբար այն է, թե ինչ օգուտ դա կարող է տալ իրենց կամ երկրին: «Հայասաթ-1»-ը, իհարկե, սարեր շուռ չի տա։ Սակայն դրա մեկնարկը և դրա հետ աշխատանքն անգնահատելի փորձառություն է հայ մասնագետների համար և կարևոր քայլ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին։

Գրիգորյանը մի այսպիսի օրինակ բերեց․ «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչ կարող է անել մեր արբանյակը, ինչի համար է դա անհրաժեշտ և ինչ օգուտ կա դրանից: Պատկերացրեք, որ ընտանիքում երեխա է ծնվել։ Եթե ​​հարևանն այցելի ծնողներին և հարցնի, թե ինչու են նրանք ծնել այդ երեխային, թե կոնկրետ ինչ է կարողանում նա անել և որն է նրա տված օգուտը, ի՞նչ են պատասխանելու ծնողները։ Եվ եթե հարևանը, իմանալով, որ նորածին երեխան, առհասարակ, հիմնականում ուտում ու քնում է, ասի, որ, հետևաբար, այս երեխան ոչինչ անել չգիտի և նրանից ոչ մի օգուտ չկա, ուրեմն ի՞նչ »։

«Հայասաթ-1» արբանյակի մշակումն ու արձակումը անկախ Հայաստանի առաջին քայլերն են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում. հայ մասնագետներն իրենք իրենց և մյուսներին ցույց տվեցին, որ կարող են արբանյակ ստեղծել, ինտեգրել նրա ենթահամակարգերը, ծրագրավորել, թեստավորել, ուղարկել տիեզերք և հետո աշխատել դրա հետ։ Նորածին երեխան, որը դեռ «շատ բան չի կարող անել», կարող է ապագայում, օրինակ, մեծ գիտնական դառնալ: Նմանապես այս արբանյակի հետ աշխատանքը և ձեռք բերված փորձը կարող են Հայաստանում շատ ավելի առաջադեմ տիեզերական տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման սկիզբը դնել։

Ինչպես նշեց Ավետիք Գրիգորյանը, ձեռք բերված գիտելիքներն ու փորձը, հայ մասնագետների համար ճանապարհներ կբացի նաև այլ երկրների գիտահետազոտական ​​լաբորատորիաների հետ համագործակցելու համար։ Այսպես, հնարավոր է, որ մոտ ապագայում Բազումքը սկսի պաշտոնապես համագործակցել Ֆրանսիայի Վերսալի համալսարանի հետ և աշխատի համատեղ նախագծերի վրա։

Բացի դրանից, ապագայում Հայաստանում կարող են արբանյակների հայրենական մոդուլների արտադրություն սկսել, և դրանց առկայությունն արդեն թույլ կտա կախված չլինել այլ երկրներից և նրանց քաղաքական շահերից. հնարավոր կլինի ստեղծել ամբողջովին տեղական արտադրության արբանյակներ՝ համաձայն մեր երկրի նպատակների ու ռազմավարությունների։

Տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց Հայաստանում նաև հնարավոր կլինի փնտրել և գտնել աշխարհի համար այժմեական և կարևոր խնդիրների նորարարական լուծումներ, մշակել նոր տեխնոլոգիաներ և ապրանքներ՝ ոչ միայն տեղական օգտագործման, այլև արտահանման համար: Կարող են ստեղծվել ստարտափներ, որոնք կսկսեն մշակել և վաճառել շուկայում պահանջարկ ունեցող ապրանքներ. պետք չէ մոռանալ, որ տիեզերական ոլորտը շատ, շատ մեծ և եկամտաբեր շուկա է:

Տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում նաև խթան կդառնա շատ այլ բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջընթացի համար, ինչը կնպաստի տնտեսական աճին, և երկիրն ավելի ճանաչելի ու նշանակալից կդարձնի միջազգային ասպարեզում։

Այս բոլոր նպատակները, վստահ է Գրիգորյանը, առավել քան իրագործելի են։ Եվ առաջին քայլը՝ արբանյակի արձակման տեսքով, հաստատում է դա։

«Ես հաճախ եմ լսում, որ մենք փոքր երկիր ենք, որը չի կարող առաջատար տիեզերական տերությունների ետևից հասնել և որևէ արժանի տեղ զբաղեցնել տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե ​​այդպես մտածենք, հաստատ ոչինչ չենք կարողանա անել, նույնիսկ չենք փորձի։ Բայց չէ՞ որ ժամանակին մենք ներգրավված ենք եղել լուրջ տիեզերական նախագծերում։ Օրինակ՝ մեզ մոտ ԽՍՀՄ-ում առաջին տիեզերական աստղադիտակներն էին ստեղծվում... Սա նշանակում է, որ մենք ունենք այս ներուժը, մեր ստեղծարար միտքն ունակ է դրան։ Եթե ​​հավատանք ինքներս մեզ, շատ բանի կարող ենք հասնել»,- ասաց Գրիգորյանը։

Սակայն իսկապես ինչ-որ բանի հասնելու և երկրում տիեզերական տեխնոլոգիաները նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է, ըստ փորձագետի, ոչ միայն հավատալ ինքներս մեզ, այլև սկսել ավելի արդյունավետ համագործակցել իրար հետ։

«Եթե մտածում ես միայն քո մասին, լուծում միայն քո հարցերը և անընդհատ վերմակը քող կողմը քաշում, դժվար թե հաջողվի տպավորիչ արդյունքների հասնել։ Մեր արբանյակը մշակվել է Գիտության նորարարության և կրթության կենտրոնի հետ՝ առողջ  համագործակցության շրջանակում. մենք միասին հավասար ռեսուրսներ և ջանք ենք ներդրել այս նախագծի համար, և ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքները ստացվեցին շատ ավելի լավ, քան եթե մենք աշխատեինք առանձին: Մեր օրինակը հստակ հաստատում է, որ պետք չէ վախենալ ուրիշների հետ համագործակցելուց, պետք չէ վախենալ, որ ձեր գաղափարը կյուրացնեն, և ձեզ ոչինչ չի մնա: Առողջ համագործակցությունն օգնում է ճանապարհ հարթել դեպի հաջողություն»,- նշեց Ավետիք Գրիգորյանը։


 
 
 
 
  • Արխիվ