Apple-ը մշակում է iPhone առանց էկրանի Dynamic Island կտրվածքի. ե՞րբ այն կհայտնվի շուկայում

7 դեկտեմբերի, 2023  14:26

Apple-ի բաղադրիչների մատակարար LG Innotek-ն սկսել է աշխատել iPhone-ի էկրանների ստեղծման վրա՝ օգտագործելով էկրանի տակ տեսախցիկի UPC1 մոդուլը:

Հարավկորեական TheElec պարբերականի տվյալներով՝ նոր մոդուլը Apple-ին հնարավորություն կտա մշակել iPhone, որի էկրանը չունի կտրվածքներ կամ անցքեր (օրինակ՝ Dynamic Island-ը)։ Համաձայն արտահոսքի՝ նոր UPC առջևի տեսախցիկն ունի որոշակի սահմանափակումներ՝ համեմատած ավանդական տեսախցիկների հետ, հատկապես լույսը որսալու հարցում, քանի որ այն անցնում է էկրանի միջով։ Ի պատասխան այս մարտահրավերի՝ LG Innotek-ը մշակում է հատուկ ոսպնյակներ, որոնք մեծացնում են տեսախցիկի սենսորին հասնող լույսի ինտենսիվությունը:

Սակայն այս տեխնոլոգիական նորամուծությունը դժվար թե ի հայտ գա մոտակա երկու տարում. այն չի լինի ո՛չ iPhone 16-ում, որը սպասվում է 2024-ին, ո՛չ էլ iPhone 17-ում, որը կհայտնվի 2025-ին (ակնկալվում է, որ iPhone 17 Pro-ն կունենա կլոր կտրվածք առջևի տեսախցիկի և էկրանի տակ գտնվող Face ID-ի համար):

Այսպիսով, առանց էկրանի կտրվածքների iPhone կարելի է սպասել iPhone 18 մոդելից ոչ շուտ, որը հնարավոր է թողարկվի 2026-ին։


 
 
 
 
  • Արխիվ