Qualcomm Snapdragon 8 Gen 3 չիպ, 5400 մԱ/ժ մարտկոց և QHD+ էկրան․ ներկայացվել է OnePlus 12 սմարթֆոնը

5 դեկտեմբերի, 2023  20:11

OnePlus ընկերությունը Չինաստանում անցկացրել է իր նոր առաջատար սմարթֆոնի՝ OnePlus 12-ի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է GizmoChina-ն։

OnePlus 12-ը պահպանել է OnePlus 11-ի դիզայնը, սակայն ունի որոշ տարբերություններ: Օրինակ՝ նոր սմարթֆոնն ստացել է ապակե սենդվիչ կառուցվածք՝ մեջտեղում մետաղական շրջանակով, ինչպես նաև պաշտպանություն խոնավությունից և փոշուց՝ IP65 ստանդարտի համաձայն։

Սարքն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen 3 չիպսեթով և ունի LPDDR5x օպերատիվ և UFS 4.0 ներկառուցված հիշողություն: Այն հագեցած է հովացման համակարգով, որի գոլորշու խցիկի մակերեսը 9140 մմ² է։

one plus 12.jpg (73 KB)

Հեռախոսն ունի BOE-ի արտադրության 6,82 դյույմանոց կոր OLED էկրան: Այս վահանակն ունի 3168 x 1440 պիքսել (QHD+), խտություն 510 PPI և թարմացման արագություն 1-ից 120 Հց: Իր առավելագույն պահին էկրանի լուսավորությունը կարող է հասնել մինչև 4500 նիտ:

one plus 12 1.jpg (69 KB)

Նորույթն ունի նույն տեսախցիկները, ինչ OnePlus Open-ը: Այսինքն՝ 50 ՄՊ Sony LYT-808 հիմնական սենսոր, 64 ՄՊ OmniVision OV64B սենսոր՝ 3x խոշորացումով պերիսկոպի ոսպնյակի համար և 48 ՄՊ Sony IMX581 գերլայնանկյուն մոդուլ՝ ավտոֆոկուսով։ Առջևում տեղադրված է 32 ՄՊ սելֆի տեսախցիկ։

Մարտկոցի հզորությունը 5400 մԱ/ժ է, ունի մինչև 100 Վտ լարով լիցքավորման և մինչև 50 Վտ անլար լիցքավորման աջակցություն։

OnePlus 12-ն արդեն վաճառվում է Չինաստանում, գինը՝ սկսած 4,300 յուանից (մոտ 607 դոլար):


 
 
 
 
  • Արխիվ