Հայ գիտնականներին հաջողվել է կապ հաստատել «Հայասաթ-1» արբանյակի հետ, այն արդեն աշխատանքային վիճակում է և տվյալներ է փոխանցում

4 դեկտեմբերի, 2023  16:14

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին հաջողվել է կապ հաստատել դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք արձակված հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի հետ, որն արդեն աշխատանքային վիճակում է։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։ Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ՝ ինչպես նախատեսել ենք։ նորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,- ասվում է «Բազումք« տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում։

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից: Այն հայկական երկրորդ արբանյակն է, որն արձակվել է տիեզերք, սակայն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։

«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։


 
 
 
 
  • Արխիվ