Որոշ օգտատերերի ֆայլերն անհետացել են Google Drive-ից․ ընկերությունը հետաքննություն է սկսել

28 նոյեմբերի, 2023  16:08

Google Drive-ի ամպային պահեստի որոշ օգտատերեր այլևս հասանելիություն չունեն իրենց  ֆայլերին, նաև հաղորդումներ կան ամպային ծառայությունից ֆայլերի ամբողջական անհետացման և ծառայության հետ կապված այլ խնդիրների մասին: Այս պահին Google-ը հետաքննում է միջադեպը և փորձում լուծել խնդիրը, ինչպես նաև խնդրից տուժածներին խորհուրդ է տալիս որևէ փոփոխություն չանել Google Drive-ում։

Համաձայն YCombinator's Hacker News ֆորումի հաղորդումների՝ Հարավային Կորեայում օգտատերերից մեկն առաջինն է կապվել Google-ի աջակցության ծառայության հետ՝ պնդելով, որ 2023-ի մայիսից հետո ստեղծված իր բոլոր ֆայլերն անհետացել են Google Drive-ից: Դրանք հասանելի չեն ո՛չ թղթապանակներում, ո՛չ էլ աղբարկղում: Թղթապանակի կառուցվածքը նույնպես վերադարձել է այն վիճակին, որը եղել է 2023-ի մայիսի դրությամբ։

Բացի դրանից, նա պնդում է, որ երբեք չի փոխանցել իր ֆայլերը կամ ծառայության նույնականացման տվյալները երրորդ անձանց: Այսպիսով, բացառվում է հավանականությունը, որ ֆայլերի սկզբնական սեփականատերը ջնջել է դրանք կամ ինչ-որ մեկը, որին նա ճանաչում է, արել է դա: Օգտատերը մի քանի քայլ է կատարել՝ փորձելով վերականգնել կորցրած տվյալները, սակայն մինչ այժմ այս քայլերը ցանկալի արդյունքի չեն բերել։ Google-ը չի կարողացել լուծել խնդիրը։

Ընկերության պաշտոնյաները հայտնել են, որ իրենք արդեն սկսել են հետաքննել միջադեպը, և որ ստացել են հաղորդումներ Google Drive-ի օգտատերերից, որոնք նման խնդիրներ են ունենում: Միևնույն ժամանակ, Google-ի ներկայացուցիչների հայտարարությունում հստակ ասվում է, որ չպետք է փորձել ինքնուրույն վերականգնել Google Drive-ը մինչև հետագա գործողությունների վերաբերյալ հրահանգներ կստանան իրենց ինժեներներից։

Այդ ընթացքում դժգոհություններին միացել են ամպային ծառայության այլ օգտատերեր։ Նրանցից մեկը հայտնում է, որ ամբողջությամբ կորցրել է իր Google Drive-ի մի քանի հիմնական տարրեր, որոնք նախկինում որևէ մեկին չեն փոխանցվել, բայց տեսանելի չեն ո՛չ աղբարկղում, ո՛չ էլ խմբագրման փորձերի ժամանակ։ Մեկ այլ տուժած նշել է, որ կարողանում է տեսնել միայն թղթապանակները և ենթաթղթապանակները, սակայն ոչ բուն ֆայլերը:

Նշենք, որ ստացված հաղորդագրություններից հնարավոր չէ պարզել խնդրի բուն աղբյուրը։ Պարզ չէ՝ ֆայլերն անհետացել են Google Drive-ի վեբ տարբերակի՞ց, թե՞ հավելվածից, թե՞ պարզապես համակարգիչների սինխրոնացված թղթապանակներից: Հնարավոր է, որ տուժածները չեն ստուգել բոլոր հնարավոր վայրերը, որտեղ կարող են լինել իրենց ֆայլերը։ Սակայն նույնիսկ այս դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ Google Drive ծառայության հետ:


 
 
 
 
  • Արխիվ