Հնդկաստանը ծրագրում է լուսնային հողի նմուշներ բերել Երկիր

22 նոյեմբերի, 2023  22:48

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) սկսել է պլանավորել նոր հավակնոտ լուսնային առաքելություն՝ Chandrayaan-4, որը ոգեշնչված է Chandrayaan-3 առաքելության հաջող վայրէջքից: Նոր առաքելությունը նպատակ ունի հավաքել հողի նմուշներ Լուսնային հարավային բևեռից և վերադարձնել դրանք Երկիր:

Առաքելության առաջին փուլի շրջանակում նախատեսվում է Լուսնի մակերես հասցնել վայրէջքային սարքը և լուսագնացը, որը պետք է նմուշներ հավաքի: Վայրէջքը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտավորապես այնտեղ, որտեղ վերջերս հաջողությամբ վայրէջք կատարեց Chandrayaan-3-ը: Այս տարածաշրջանը հատկապես հետաքրքիր է ջրային սառույցի հնարավոր առկայության պատճառով, որը կարող է օգտագործվել Լուսնի վրա կենսաապահովման և հրթիռային վառելիքի արտադրության համար:

Երկրորդ տիեզերանավը՝ Chandrayaan-4-ը, երկու մոդուլ կուղարկի լուսնային ուղեծիր։ Դրանցից մեկը նմուշներ կվերցնի Լուսնի մակերևույթից և դրանք կվերադարձնի ուղեծիր, իսկ մյուսը պատասխանատու կլինի նմուշները Երկիր տեղափոխելու համար։

Ահմեդաբադի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիլեշ Դեսաին ասել է, որ Chandrayaan-4 առաքելությունը շատ հավակնոտ նախագիծ է, և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կավարտվի առաջիկա 5-7 տարիներին:

Հնդկաստանի բազմափուլ առաքելության հայեցակարգը ինչ-որ չափով հիշեցնում է Մարսից Երկիր նմուշներ բերելու համար՝ NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության նախագիծը (Perseverance մարսագնացով հավաքված նմուշները պետք է հասցվեն Մարսի ուղեծիր, ինչից հետո սարքը կմիանա ուղեծրային ապարատին, որն այնուհետև կուղևորվի Երկիր)։ 2030-ին նախատեսված այս նախագիծը լուրջ քննադատության է ենթարկվել, քանի որ դրա բյուջեն հսկայական է, իսկ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ու հարցեր դեռևս չլուծված են։

ISRO-ն դեռ չի հրապարակել Chandrayaan-4 առաքելության բյուջեն: Այս արշավախմբի նպատակներն արտացոլում են Հնդկաստանի հանձնառությունը տիեզերքի հետազոտման նոր և հավակնոտ ձեռքբերումներին, որոնց աջակցում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Վերջինս ընդգծել է տիեզերքի հետազոտման ոլորտում նոր բարձունքների ձգտելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով կառավարական գերատեսչությանը հանդես գալ Լուսնի ուսումնասիրման մանրամասն պլանով:


 
 
 
 
  • Արխիվ