Google-ն անջատել է Hangouts-ը. ինչպե՞ս պահպանել այս հարթակում ունեցած տվյալները

2 նոյեմբերի, 2022  14:04

2022 թ. նոյեմբերի 1-ից Google-ը փակել է հաղորդագրությունների փոխանակման Hangouts հարթակը: Google Hangouts այցելելու դեպքում առաջարկվում է անցնել Google Chat-ին:

Hangouts մեսենջերը ստեղծվել է 2013 թ․՝ Google Talk և Google+ ծառայությունների միաձուլման արդյունքում։ Այն փակելու որոշումը Google-ը կայացրել է այս տարվա կեսերին։ Վերջերս App Store-ից և Google Play-ից անհետացել էր Hangouts-ի բջջային հավելվածը տեղադրելու կամ թարմացնելու հնարավորությունը, իսկ վեբ տարբերակը երեկվա դրությամբ արդեն անջատված էր:

Hangouts-ի բրաուզերի ընդլայնումը նույնպես շուտով կդադարի աշխատել, իսկ Gmail-ում ներկառուցված Hangouts-ի վրա հիմնված կորպորատիվ հաղորդագրությունների ծառայությունն արդեն փոխարինվել է Chat-ով:

Նրանք, ովքեր ​​ցանկանում են պահպանել և տեղափոխել Hangouts-ում իրենց տվյալները, Google-ը խորհուրդ է տալիս օգտագործել Google Takeout հավելվածը: Դրա համար պետք է ներբեռնել անհրաժեշտ տվյալների պատճենը մինչև 2023 թ․ հունվարի 1-ը, քանի որ այդ օրն արդեն կջնջվեն Hangouts-ի բոլոր տվյալները:

Ահա, թե ինչպես կարելի է ներբեռնել Google Hangouts-ի տվյալները Takeout-ի միջոցով. 

  • Գնացեք Google Takeout և մուտք գործեք ձեր օգտահաշիվ այն Google հաշվի միջոցով, որն օգտագործում եք Hangouts-ում:
  • Հասանելի հավելվածներից ընտրեք Hangouts-ը և չեղարկեք բոլոր մյուս հավելվածների ընտրությունը:
  • Սեղմեք «Հաջորդ քայլը»:
  • Տվյալների տեղափոխման մեթոդում (Delivery method) ընտրեք, թե որքան հաճախ եք ցանկանում ներբեռնել տվյալների կրկնօրինակը: Քանի որ Hangouts-ը շուտով կփոխարինվի Google Chat-ով, խորհուրդ է տրվում մի անգամից ներբեռնել անհրաժեշտ տվյալները:
  • Ընտրեք ֆայլի տեսակը:
  • Սեղմեք «Արտահանել» (Export)։
  • Կստանաք հաղորդագրություն այն մասին, որ Google-ը ստեղծում է ձեր Hangouts ֆայլերի պատճենը:

Երբ տվյալների դուրսբերման գործընթացն ավարտվի, դուք կստանաք էլ.նամակ։ Ներբեռնեք ֆայլը՝ ձեր Hangouts-ի տվյալները պահելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ