ԱԲ-ն և տարրական մասնիկների ֆիզիկան. ինչպե՞ս են ժամանակակից տեխնոլոգիաները և գիտությունը փոխակերպում միմյանց

16 նոյեմբերի, 2023  21:18

Տարրական մասնիկների ֆիզիկան՝ գիտություն, որն ուսումնասիրում է տարրական մասնիկների կառուցվածքն ու հատկությունները և դրանց փոխազդեցությունները, նպաստում է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք հետագայում օգտագործվում են ոչ միայն այս ոլորտում, այլև տեղափոխվում են շատ այլ ոլորտներ: Ավելի ու ավելի կատարելագործված գործիքներ ունենալու անհրաժեշտությունը՝ մասնիկների դետեկտորներ, հադրոնային բախիչներ և այլ գործիքներ, վերջին հարյուրամյակի ընթացքում նպաստել է ֆիզիկայի և տեխնոլոգիական առաջընթացների միջև սիմբիոտիկ հարաբերությունների ձևավորմանը: NEWS.am Tech-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձարար ֆիզիկոս, Իտալիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (INFN) առաջին գիտաշխատող, 2001-ից Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում CMS փորձի և 2022-ից SWGO փորձի մասնակից Տոմասո Դորիգոն։

Նրա խոսքով՝ շատ նորարարական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են սիլիկոնային դետեկտորները, սկզբում մշակվել և օգտագործվել են տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում, սակայն հետագայում կիրառվել են այլ ոլորտներում, օրինակ՝ սմարթֆոնների և այլ սարքերի արտադրության մեջ, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, նաև ռազմական արդյունաբերության մեջ և այլ ոլորտներում։

Արհեստական բանականությունը (ԱԲ), ի տարբերություն վերջին տասնամյակների շատ այլ տեխնոլոգիաների, չի մշակվել տարրական մասնիկների ֆիզիկայի համար, սակայն այս ոլորտում այն ​​այսօր արդեն լայնորեն կիրառվում է, և ապագայում դրա հնարավորությունները միայն կավելանան։

«Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը բազմաթիվ օգուտներ է բերում մի շարք գիտությունների, և տարրական մասնիկների ֆիզիկան, անկասկած, դրանցից մեկն է»,- ասաց մասնագետը։

Արագություն և մեր երևակայությունից դուրս գտնվող իրերի բացահայտում

Ինչպես նշեց մասնագետը, հիմնարար գիտությունների բնագավառի հետազոտություններում մեծ քանակի տվյալների հետ աշխատելու և դրանք մեկնաբանելու համար պահանջվում են առաջադեմ տեխնոլոգիաներ։ ԱԲ-ն այս դեպքում կարող է նպաստել ինչպես բազմաթիվ աշխատանքների ու հետազոտությունների արագացմանը, այնպես էլ նոր բացահայտումների իրականացմանը։

«Ես աշխատում եմ Մեծ հադրոնային բախիչում (Large Hadron Collider): Այն հսկայական մեքենա է, որը փնտրում է ամենաբարձր էներգիայի հետ բախումները: Մեր ստացած տվյալների վերծանումը շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր բախման համար ունենք միլիոնավոր էլեկտրոնային ալիքներ, իսկ այս մեքենաների ներսում վայրկյանում 40 միլիոն բախում է տեղի ունենում: Նման մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելիս ԱԲ գործիքները կարող են օգնել. դրանք կարող են տեսակավորել ամենահետաքրքիր բախումները, որոնք շատ քիչ են, ինչպես նաև բացահայտել նոր տեղեկություններ՝ «նոր ֆիզիկա», որի մասին մենք գուցե դեռ ոչինչ չգիտենք։ Այս գործիքը կոչվում է անոմալիաների հայտնաբերում: Դրա օգնությամբ մենք փնտրում ենք այնպիսի բաներ, որոնք դուրս են մեր պատկերացումներից։ Բաներ կան, որ մենք՝ տեսաբաններս, գուցե դեռ չենք մտածել, և ԱԲ-ն կարող է գտնել դրանք և մեր ուշադրությունը հրավիրել դրանց վրա»,- նկատեց մասնագետը։

ԱԲ-ն, ինչպես արդեն նշվեց, կարող է նաև զգալիորեն արագացնել աշխատանքը և շատ հետազոտություններ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում: Բացի դրանից, ԱԲ օգնությամբ դուք կարող եք ստեղծել իրական տվյալների հավաքածուների պատճեններ, աշխատել դրանց հետ և դրանց հիման վրա իրականացնել տարբեր սիմուլյացիաներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ այս տվյալները։

ԱԲ-ն և ֆիզիկան ապագայում

Հետագայում, ինչպես վստահեցնում է գիտնականը, ԱԲ-ն կսկսեն էլ ավելի լայնորեն կիրառել տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում։ Մասնավորապես, ԱԲ-ն կկարողանա օգնել տարբեր սարքերի մշակման ու նախագծման գործում։ Օրինակ՝ կոլայդերի կառուցումը համարվում է լուրջ մարտահրավեր, քանի որ, ինչպես նշեց մասնագետը, դրանք ամենաբարդ մեքենաներն են, որ կարելի է պատկերացնել՝ հարյուր միլիոնավոր էլեկտրոնային ալիքներով, հարյուրավոր տարբեր ենթադետեկտորներով և այլն։ ԱԲ-ն, ինչպես վստահ է մասնագետը, կարող է օգնել պարզեցնելու և արագացնելու նման մեքենաների մշակումը, օպտիմալացնելու դրանք և այլն։

Այլ հարց է, որ շատ գիտնականներ այսօր, տարօրինակ կերպով, բավականին պահպանողական են, և դժվար է համոզել նրանց, որպեսզի «փոխեն պարադիգմը», հրաժարվեն սովորական մոտեցումներից և ընդունեն նորերը, այդ թվում՝ սկսելով ԱԲ-ն օգտագործել իրենց աշխատանքում: Դրա համար ժամանակ կպահանջվի:

Նշենք, որ Տոմասո Դորիգոն նոյեմբերի 8-10-ը Երևանում անցկացված USERN միջազգային կոնգրեսի բանախոսներից է։ Կոնգրեսը հայտնի է նրանով, որ միավորում է գիտությունն ու արվեստը՝ թույլ տալով արվեստի օգնությամբ գիտությունը «թարգմանել» այնպիսի «լեզվով», որն ավելի հասկանալի է լայն հանրության համար։


 
 
 
 
  • Արխիվ