«Մոլորակասպան». Արեգակի շողերի մեջ թաքնված աստերոիդը մի օր կարող է բախվել Երկրին

1 նոյեմբերի, 2022  21:26

Աստղագետները արևի լույսի տակ թաքնված հսկայական աստերոիդ են հայտնաբերել։ Այն ստացել է «մոլորակասպան» մականունը, քանի որ մոլորակի հետ նրա բախման հետևանքները կզգան մի քանի մայրցամաքներում: Եվ հնարավոր է, որ մի օր այն բախվի Երկրի հետ, տեղեկացնում է Space.com-ը։

1,5 կիլոմետր լայնությամբ աստերոիդը Երկրի համար պոտենցիալ վտանգավոր ամենամեծ աստղակերպն է, որը նկատվել է վերջին ութ տարիների ընթացքում։

Ինչո՞ւ է նման աստերոիդներ հայտնաբերելը դժվար

2022 AP7 անվանումը ստացած աստերոիդին այդքան երկար ժամանակ հաջողվել է խուսափել հայտնաբերվելուց, քանի որ այն պտտվում է Երկրի և Վեներայի միջև ընկած հատվածում: Այս տարածքում տիեզերական մարմիններ հայտնաբերելու համար աստղագետները պետք է իրենց դիտարկումներն անեն՝ նայելով արևի ուղղությամբ, իսկ դա շատ դժվար է արևի պայծառության պատճառով: Օրինակ՝ տիեզերական ժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան:

Հենց այդ պատճառով էլ աստղագետները միայն սահմանափակ պատկերացում ունեն այս տարածաշրջանում թաքնված աստերոիդների բնույթի մասին, և երբեմն կարող են անակնկալներ լինել: Օրինակ՝ 2013 թ․ շատ ավելի փոքր աստերոիդ՝ ընդամենը 66 ոտնաչափ լայնությամբ (20 մ), հանկարծակիորեն եկավ Արևի կողմից և պայթեց Ռուսաստանի հարավ-արևելքում գտնվող Չելյաբինսկ քաղաքի երկնքում՝ կոտրելով հազարավոր շենքերի ապակիներ:

«Արևի շողերի ուղղությամբ դիտարկումներ անելու դժվարության պատճառով առ այսօր հայտնաբերվել է ընդամենը մոտ 25 աստերոիդ, որոնց ուղեծրերն ամբողջությամբ համընկնում են Երկրի ուղեծրի հետ»,- ասել է Քարնեգիի գիտության ինստիտուտի Երկրի և մոլորակների  ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայի աստղագետ Սքոթ Ս. Շեփարդը, որը նաև նոր հայտնագործությունը նկարագրող հոդվածի առաջատար հեղինակն է։ 

asteroid killer.JPG (26 KB)

Արդյո՞ք շատ են այսպիսի անհայտ աստերոիդները

2022 AP7-ը Երկրին հարվածելու դեպքում ավելի շատ վնաս կհասցնի, քան Չելյաբինսկին հարվածած աստերոիդը։ Դրա հայտնաբերումը հնարավոր է դարձել շնորհիվ Չիլիի Սերրո Տոլոլոյի աստղադիտարանի գերզգայուն Dark Energy Camera տեսախցիկի (DEC), որը սկանավորում է երկինքը մթնշաղի ժամերին։ Հենց այս ժամերին է հնարավոր այս աստերոիդները ֆիքսել օրական երկու անգամ՝ 10 րոպե ժամանակահատվածով:

«Առայժմ մենք հայտնաբերել են ենք Երկրի մերձակայքում գտնվող երկու մեծ աստերոիդներ, որոնք ունեն մոտ 1 կիլոմետր (0,6 մղոն) լայնություն, սա այն չափն է, որի դեպքում աստերոիդներին անվանում ենք մոլորակասպաններ»,- ասել է Շեփարդը:

Քանի որ Արեգակնային համակարգի ներքին աստերոիդները շատ դժվար է հայտնաբերել, դրանք քիչ են ներկայացված Արեգակնային համակարգի ընդհանուր տիեզերական ապարների թվաքանակի մասին մոդելներում: Այնուամենայնիվ, Շեփարդը կարծում է, որ այս դժվար դիտարկվող տարածաշրջանում մնացել են ընդամեն մի քանի անհայտ «մոլորակասպաններ»: Ըստ նրա՝ լավ նորությունն այն է, որ այս անհայտ աստերոիդներից շատերը, հավանաբար, հետևում են ուղեծրերի, որոնք դրանց ապահով կերպով հեռու են պահում Երկրից:

«[Երկրի մերձակայքում] հավանաբար, մնացել է գտնել մի քանի աստերոիդներ, որոնք ունեն նմանատիպ չափեր, և չբացահայտված այդ մեծ աստերոիդները, հավանաբար, ունեն ուղեծրեր, որոնք դրանց հիմնականում պահում են Երկրի և Վեներայի ուղեծրերի ներսում»,- ասել է Շեփարդը:

twilight zon.JPG (56 KB)

Հայտնաբերվել է ևս 2 տիեզերական օբյեկտ

Ի լրումն Երկրին պոտենցիալ սպառնացող 2022 AP7-ի, աստղագետները DEC-ով արված դիտարկումների ժամանակ հայտնաբերել են երկու այլ՝ ավելի փոքր տիեզերական օբյեկտներ, որոնցից մեկն արևին ամենամոտն է, որ երբևէ աստղագետները տեսել են։ Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղին մոտ լինելու պատճառով այս աստերոիդը, որը կոչվում է 2021 PH27, հարաբերականության ընդհանուր տեսության ամենամեծ ազդեցությունն է կրում Արեգակնային համակարգի բոլոր օբյեկտների մեջ, ասվում է գիտնականների հայտարարության մեջ:

Համաձայն Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության՝ զանգվածային օբյեկտներն աղճատում են տարածությունը, ինչը կարող է ազդել դրանց մոտակայքում գտնվող այլ առարկաների շարժման վրա։ Այս ազդեցությունները, որոնք շատ աննշան են, կարելի է դիտարկել որպես մոլորակների և աստերոիդների ուղեծրերի անկանոնություններ, որոնք հնարավոր չէ բացատրել նյուտոնյան ֆիզիկայի օրենքներով: Բարեբախտաբար, և՛ 2021 PH27-ը, և՛ երրորդ աստերոիդը, որը կոչվում է 2021 LJ4, հետևում են ուղեծրերի, որոնք չեն հատվում Երկրի ուղեծրի հետ: 

Ավելի քան 2200 պոտենցիալ վտանգավոր աստերոիդ՝ խոշորացույցի տակ

Աստղագետները ներկայումս դիտարկում են ավելի քան 2200 պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ, տիեզերական ապարներ, որոնք վտանգավոր աստիճանի մոտ են պտտվում Երկրի շուրջը և ունեն ավելի քան 1 կմ լայնություն։ Նման աստերոիդները լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ Երկրի հետ բախվելու դեպքում դրանք կհանգեցնեն համատարած ավերածությունների, որոնք կարող են ազդել ողջ մոլորակի վրա: Այնուամենայնիվ, նույնիսկ շատ ավելի փոքր աստերոիդները մեծ դժվարություններ կառաջացնեն, եթե դրանք ընկնեն խիտ բնակեցված տարածքներ: Օրինակ՝ ընդամենը 160 ոտնաչափ լայնությամբ (50 մ) աստերոիդը շատ մեծ վնաս կարող է հասցնել ամբողջ Լոնդոնին, եթե այն պայթի քաղաքի կենտրոնական հատվածի երկնքում։

_methode_sundaytimes_prod_web_bin_f480e448-6fe6-11ec-9b05-685948f9304d.jpg (1.84 MB)

Բարեբախտաբար, աստղագետները կարողանում են հաշվարկել աստերոիդների հետագծերը մի քանի դարի համար, և ներկայումս հայտնի չեն նման աստերոիդներ, որոնք մեզ պետք է անհանգստացնեն: Եվ նախքան նման աստերոիդի հայտնվելը, միջազգային տիեզերական հանրությունը հույս ունի, որ այդ ժամանակ արդեն իր տրամադրության տակ կունենա մոլորակը պաշտպանելու գործիքներ:

Նշենք, որ նման փորձեր արդեն արվում են։ Սեպտեմբերին ՆԱՍԱ-ի DART առաքելությունը հաջողությամբ փոխեց 160 մ լայնությամբ աստերոիդի՝ Դիմորֆի հետագիծը, որը պտտվում է 780 մ լայնությամբ Դիդիմի շուրջը: Իր տեսակի մեջ այս առաջին փորձի հաջողությունը վկայում է այն մասին, որ քանի դեռ մարդկությունը կարողանում է ավելի վաղ փուլում իմանալ նման վտանգների մասին, կարող է զերծ պահել Երկիր մոլորակը նման տհաճ աստերոիդներից: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ