Samsung Galaxy S24-ը հեռախոսային խոսակցություններն իրական ժամանակում թարգմանելու գործառույթ կստանա

9 նոյեմբերի, 2023  17:45

Samsung-ը հայտարարել է, որ իր Galaxy S24 սմարթֆոնը կստանա Galaxy AI արհեստական բանականության ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում հեռախոսային խոսակցությունները թարգմանել տարբեր լեզուներով։

Ընդորում՝ Galaxy AI ծառայությունների փաթեթի ալգորիթմները կմշակվեն ինչպես լոկալ՝ բուն սարքում, այնպես էլ ամպային ենթակառուցվածքում։

Այդ ծառայություններից մեկը կլինի AI Live Translate Call-ը` հեռախոսային խոսակցությունների տեքստային թարգմանությունը, որը հայտնվում է իրական ժամանակում: Արտադրողը նշում է, որ այս ծառայությունն ինտեգրվում է հեռախոսազանգերի համար նախապես տեղադրված հավելվածում, այսինքն՝ կարիք չկա տեղադրել լրացուցիչ ծրագրակազմ, և թարգմանությունն ինքնին իրականացվում է հենց սարքում՝ ապահովելով գաղտնիությունը. խոսակցությունների մասին տվյալներն արտաքին ռեսուրսների չեն փոխանցվում։

Ընկերությունը որոշել է Galaxy AI փաթեթի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չհրապարակել։ Ընկերության գործադիր փոխնախագահ, Mobile Experience Business բաժանմունքի հետազոտության և զարգացման բաժնի ղեկավար Վոն-Ջուն Չոյը միայն ասել է, որ «այն ընդմիշտ կփոխի մեր պատկերացումը հեռախոսների մասին»։

Ավելի վաղ Samsung-ը ներկայացրել էր արհեստական բանականության իր մոդելը՝ Gauss AI-ը, որի հիմքում ընկած է երեք մոդել՝ Gauss Language-ը, որը նախատեսված է տեքստային հարցումները մշակելու համար, Gauss Image-ը՝ պատկերներ ստեղծելու և մշակելու համար, և Gauss Code-ը՝ ծրագրի կոդ գրելու հարցում օգնության համար:


 
 
 
 
  • Արխիվ