$10,000. eBay-ում վաճառքի է հանվել AirPower սարքի նախատիպը

6 նոյեմբերի, 2023  18:08

eBay-ում 10,000 ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել Apple-ի AirPower անլար լիցքավորիչ սարքի նախատիպը, որն ընկերությունը մշակել է մի քանի տարի, սակայն ավելի ուշ հրաժարվել է դրանից։

AirPower-ը բազմաֆունկցիոնալ սարք է, որը նախատեսված է միանգամից մի քանի սարքերի հետ աշխատելու համար: Apple-ը մշակել է այն մի քանի տարի առաջ, սակայն արտադրական խնդիրների և կատարողական վատ ցուցանիշների պատճառով ավելի ուշ ընկերությունը որոշել է այն չթողարկել։

Նախատիպի լուսանկարները լրատվամիջոցներում հայտնվել են 2020-ի ամռանը։ Սակայն միայն այժմ է էքսկլյուզիվ օրինակի սեփականատերը որոշել այն հանել վաճառքի։ Գովազդը նկատել է X սոցցանցի Sebastiaan de With մականունով օգտատերը։ Նա հրապարակել է գովազդվող ապրանքի էկրանակադրեր, որոնցից կարելի է հասկանալ, որ վաճառողը AirPower-ի համար պահանջում է $10,000։

«Երբեք չե՞ք համակերպվել Apple AirPower-ի չեղարկման հետ: Լավ նորություն՝ eBay-ում կարող եք գնել այս սարքի եզակի օրինակը ընդամենը 10,000 դոլարով»,- գրել է Sebastiaan de With-ը:

Նշենք, որ սա միակ դեպքը չէ, որ Apple-ի արտադրանքների նախատիպը տարբեր պատճառներով այդպես էլ չի հասնում զանգվածային արտադրության փուլին և դուրս չի գալիս շուկա։ Այդպիսի արտադրանքներից են Apple Magic Charger-ը և Dual-port iPad 1-ը։

Սակայն քիչ չեն նաև այնպիսի պրոդուկտները, որոնք հասել են շուկա, սակայն այդպես էլ հաջողություն չեն ունեցել։ Apple-ն ունի առնվազն քսան այդպիսի պրոդուկտ, դրանք են՝ Apple Newton-ը, Apple Pippin-ը, Round Mouse-ը, Apple Macintosh Portable-ը, Power Mac G4 Cube-ը, U2 iPod-ը, Apple eMate-ը, Macintosh TV-ն, eWorld-ը, The Apple III-ը, FireWire-ը, Apple Lisa-ն, 20th Anniversary Macintosh-ը, iTunes Ping-ը, MobileMe-ը, Performa x200 Series-ը, Homepod Original-ը, iPod Hi-Fi-ը, Apple Maps-ը և iPhone 6-ը։


 
 
 
 
  • Արխիվ