Իսրայելի թույլտվությամբ Ադրբեջանը Pegasus-ը որպես կիբեռզենք է օգտագործում Հայաստանի դեմ․ փորձագետներ

1 նոյեմբերի, 2023  14:53

Հոկտեմբերի 30-ին Հայաստանում iPhone ունեցող բազմաթիվ քաղաքացիներ Apple-ից ծանուցումներ են ստացել, որ իրենց հեռախոսները հարձակման են ենթարկվել ինչ-որ լրտեսող ծրագրերի կողմից։ Կիբեռանվտանգության փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի կարծիքով՝ նման ահազանգերը կարող են վկայել տարբեր հարձակումների մասին, սակայն Հայաստանի դեպքում սովորաբար խոսքը Pegasus լրտեսող ծրագրերով վարակվելու մասին է։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը, Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը մշակել է իսրայելական NSO Group մասնավոր ընկերությունը, որն այն վաճառում է տարբեր երկրների կառավարություններին «բարի նպատակներով»՝ ենթադրաբար հանցագործներին լրտեսելու համար։ Սակայն իրականում տարբեր բռնապետական ​​վարչակարգեր այս ծրագիրն օգտագործում են քաղաքացիական հասարակության դեմ, այլ ոչ թե հանցավորության դեմ պայքարում։

Ըստ մասնագետի՝ լրտեսական այս ծրագրի ամենահայտնի և ակտիվ օգտատերերից մեկը Ադրբեջանն է։ Միայն իր երկրի ներսում Ադրբեջանն ունի մոտ 1000 թիրախ, որոնք վերահսկվում են այս ծրագրի միջոցով։ Սրանք, իհարկե, հանցագործներ չեն, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլք։

Ուշագրավ է, սակայն, որ Ադրբեջանը Pegasus-ն օգտագործում է նաև Հայաստանի դեմ, և այդ մասին ահազանգում են ոչ միայն տեղացի մասնագետները, այլև միջազգային հետազոտական ​​ խոշոր խմբերը։

«Ադրբեջանը Pegasus-ը որպես կիբեռզենք է օգտագործում Հայաստանի դեմ՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ, քանի որ սա համարվում է ռազմական արտահանում, հետևաբար Pegasus-ն այլ երկրներին չի վաճառվում առանց կառավարության թույլտվության»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Ո՞վ կարող է հայտնվել Pegasus-ի թիրախում

Ըստ մասնագետների՝ այս լրտեսող ծրագիրը սովորաբար վարակում է այն մարդկանց հեռախոսները, որոնք կարող են տիրապետել որոշ կարևոր կամ արժեքավոր տեղեկությունների, ինչպես նաև այդ մարդկանց հարազատների և նույնիսկ երեխաների հեռախոսները։ Այսպես, Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայտնի են դեպքեր, երբ վարակվել են ԱԱԾ-ում կարևոր պաշտոններ զբաղեցրած անձանց, զինվորականների, ընդդիմադիրների, լրագրողների, ուժային կառույցների, տարբեր հիմնարկների, դեսպանատների ծառայողների հեռախոսները։

Վարակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել 2020-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, ինչպես նաև դրան հաջորդած սրացումների ժամանակ։ Նշենք նաև, որ հեռախոսի վարակված լինելու փաստը հաճախ շատ ուշ է հայտնի դառնում։ Օրինակ՝ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ դիմել են կիբեռանվտանգության մասնագետներին և ցույց են տվել Apple-ի վերջին ծանուցումը, սակայն պարզվել է, որ նրանց հեռախոսը վարակված է կամ վարակի փորձ է տեղի ունեցել (մոտ 30% դեպքերում վարակելու փորձը չի հաջողվում) 2020-ի պատերազմի ընթացքում։

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում Pegasus-ով վարակման կամ վարակման փորձի առնվազն 1000 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով շատ գաղտնի տեղեկություններ են ձեռք բերվել։

«Սա շատ վտանգավոր հարձակում է, և մենք դեռ չենք կարող անգամ պատկերացնել նման գրոհների հետևանքների ամբողջական պատկերը»,- նշեց մասնագետը։

Ի՞նչ տեղեկություն կարելի է գողանալ Pegasus-ի միջոցով

Pegasus-ի օգնությամբ հնարավոր է «գողանալ» գրեթե ցանկացած տեղեկություն, քանի որ «հաճախորդն» ամբողջական հասանելիություն է ստանում տուժողի հեռախոսին: Նա կարող է լսել տուժողի հեռախոսային խոսակցությունները, տեսնել ֆայլերը, լուսանկարները, կարդալ չատերը և հեռախոսի խոսափողի միջոցով գաղտնալսել տարածքում տեղի ունեցող խոսակցությունները, եթե տուժողը հեռախոսն այդ պահին իր մոտ է պահում։  

«Երբ մարդկանց ասում ենք, թե ինչ կարելի է անել լրտեսող ծրագրերի միջոցով, նրանք ապշում են, անմիջապես հիշում են, թե որքան տեղեկություն ունեն իրենց հեռախոսում»,- նշեց Մարտիրոսյանը։

Ինչպես իր հերթին նշեց Արթուր Պապյանը, շատերը, իմանալով, որ իրենց հեռախոսը վարակված է, անհանգստանում են իրենց բանկային քարտերի համար, որոնց մասին տեղեկությունը պահպանվում է նաև հեռախոսում։ Բայց հաճախ զրույցի ընթացքում պարզվում է, որ բանկային քարտի վրա կա, օրինակ, մոտ 500,000 դրամ։ Բայց արժե նկատի ունենալ, որ Pegasus-ով վարակելու մեկ դեպքը (և կարևոր թիրախների դեպքում նրանց կարող են մի քանի անգամ վարակել) արժե 20,000-ից մինչև 65,000 դոլար։ Եթե ինչ-որ մեկն այդքան գումար է ծախսել ձեր հեռախոսը վարակելու համար, ապա դժվար թե նրա նպատակը լինի ձեր 500,000 դրամը գողանալը, հավանաբար նրան հետաքրքրում է տեղեկություն, որն ավելին արժե:

Ինչպե՞ս իմանալ, որ ձեր հեռախոսը վարակված է Pegasus-ով

Պատասխանը պարզ է՝ ոչ մի կերպ։ Pegasus-ով վարակված հեռախոսը չի գերտաքանում, չի «կախում» և չեն առաջանում վարակի այլ «ախտանիշներ»: Ավելին, այս լրտեսող ծրագրով վարակվելը տեղի է ունենում, այսպես ասած, «զրո սեղմման» միջոցով, այսինքն՝ կարիք չկա, որ տուժողը սեղմի վիրուսակիր հղումների վրա կամ ընդհանրապես որևէ բան անի, որպեսզի վիրուսը ներթափանցի նրա հեռախոս։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Pegasus-ը կարող է վարակել ոչ միայն iPhone-ը, այլև ցանկացած Android հեռախոս։ Տարբերությունն այն է, որ Apple-ն իր հեռախոսներից ստանում և հավաքում է որոշակի ախտորոշիչ տեղեկություններ, քանի որ ինքն է դրանք արտադրում: Մինչդեռ Google-ն իր Android օպերացիոն համակարգը տարածում է բաց կոդով և առանձնապես չի վերահսկում այն ​​հեռախոսները, որոնք արտադրում են այլ ընկերություններ։

«Եթե դուք ծանուցում չեք ստացել, դա չի նշանակում, որ ձեր հեռախոսը վարակված չէ: Հեռախոսը կարող է վարակված լինել, ձեզնից կարևոր տեղեկություն կարող են գողացած լինել, սակայն դուք դրա մասին չիմանաք»,- նշեց Արթուր Պապյանը։


 
 
 
 
  • Արխիվ