ՏՏ ոլորտի խոշորացույցները. ի՞նչ է իրենից ներկայացնում որակի ապահովման (QA) մասնագիտությունը

28 հոկտեմբերի, 2022  21:30

Որակի ապահովման մասնագիտությունը հատկապես գրավիչ է հետաքրքրասեր, կատարելության ձգտող և ՏՏ ոլորտ համեմատաբար հեշտ մուտք գործել ձգտող մարդկանց համար։ Այս մասնագետները, ինչպես կարելի է ենթադրել անվանումից, պատասխանատու են նոր ստեղծված ծրագրերի, կայքերի, հավելվածների որակի ապահովման համար։ Այս մասնագիտության անվանումը առավել հաճախ հանդիպում է լատինատառ QA տառերի համակցությամբ (quality assurance): Որակի ապահովման մասնագետների աշխատանքը ծրագրերի ստեղծման ցիկլի առանցքային փուլերից մեկն է։

Մասնագիտությունը, ունենալով ընդամենը երկու տասնամյակի պատմություն, դեռ ձևավորման փուլում է, ստեղծվում են նեղ մասնագիտացումներ, օրինակ՝ QA ինժեներ, QA վերլուծաբան կամ QA թեստավորող: Տարբերությունները հիմնականում որակի ապահովման մոտեցումների և ուղղությունների մեջ են (օրինակ՝ մի մասնագետը ստուգում է գրված «ծրագրավորման կոդը», մյուսը՝ ստեղծված ծրագրի կիրառելիությունը և այլն), սակայն այս նեղ մասնագիտացումների միջև սահմանները դեռևս բավականին անորոշ են և շատ հաճախ վերոնշյալ տերմինները կիրառվում են որպես հոմանիշներ։

Ի՞նչ է անում QA մասնագետը

QA մասնագետի խնդիրն է հետևել ծրագրերի ստեղծման ընթացքին, մանրամասն ստուգել ու թեստավորել դրանք և առաջարկել շտկման և բարելավման քայլեր, որոնք վերջնական արդյունքը կհամապատասխանեցնեն որակի սահմանված ստանդարտներին։ Պարզ ասած՝ QA մասնագետի խնդիրն է հաճախորդին մատուցել  նվազագույն թերություններ ունեցող արդյունք կամ որ նույնն է՝ ապահովել դրա բարձր որակը։ Նրանց աշխատանքը կենտրոնանում է մեկ հարցի շուրջ՝ արդյո՞ք այս ծրագիրը բավարարում է հաճախորդի կարիքները։ Ասում են՝ ամենալավ թեստավորողները հաճախորդներն են, հետևաբար QA մասնագետները պետք է իրենց պատկերացնեն հենց այդ թերահավատ և պահանջկոտ հաճախորդի դերում և տնտղեն գրված ծրագրի բոլոր մութ անկյուններն ու վեր հանեն խնդիրներն ու թերությունները։

Թեստավորողներին առաջադրվող հիմնական պահանջներն են՝ վերլուծական մտածողություն, ուշադրություն դետալներին, ծրագրերի թեստավորման հիմունքների տիրապետում, ծրագրավորման լեզուների, ծրագրերի ստեղծման ցիկլի իմացություն։ Այլ պահանջներ կարող են բխել թեստավորվող ծրագրի բնույթից՝ կայք, հավելված, խաղ և այլն։

Այսօր հասանելի են բազմաթիվ օնլայն և օֆլայն դասընթացներ ու գրականություն, որոնք կարող են օգնել մի քանի ամսում տիրապետել որակի ապահովման հիմունքներին, սակայն այս մասնագիտության առանձնահատկությունն այն է (որը, ի դեպ, բնորոշ է շատ ՏՏ մասնագիտությունների), որ մասնագետ հնարավոր չէ դառնալ միայն դասընթացների մասնակցության կամ գրականության ընթերցանության հիման վրա, հիմնական հմտությունները ձեռք են բերվում անմիջապես աշխատանքի ընթացքում, քանի որ հաճախորդների պահանջները տարբեր են լինում և բոլորի համար միասնական և ունիվերսալ մոտեցում կիրառելը գրեթե անհնար է։

Որակի ապահովման մասնագիտությունը Հայաստանում

QA մասնագետները, ինչպես գրեթե բոլոր ՏՏ մասնագիտությունները, բավականին պահանջված են Հայաստանում, և առավել հանդիպում են QA մասնագետ կամ QA ինժեներ անվանումներով։

Դրանք նաև համալրում են համեմատաբար բարձր աշխատավարձով հաստիքների ցանկը։ Այսպիսով, թեստավորողների ամսական աշխատավարձը Հայաստանում տատանվում է 100 հազարից 1 միլիոն դրամի շրջանակում։


 
 
 
 
  • Արխիվ