Նման էկրան շուկայում դեռ չի եղել․ OnePlus-ի նոր սմարթֆոնները կունենան աշխարհի ամենապայծառ էկրանը

20 հոկտեմբերի, 2023  16:19

OnePlus-ն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցելու է BOE-ի հետ, որպեսզի «միասին սմարթֆոնների էկրանի փորձը հաջորդ մակարդակ բարձրացնեն»։ Այս համագործակցության արդյունքում կստեղծեն այնպիսի պայծառ էկրան, ինչպիսին շուկայում դեռ չի եղել:

Ըստ Digital Chat Station անունով ինսայդերի՝ նոր OnePlus սմարթֆոնի 2K էկրանը կունենա 3000 քդ/մ2 առավելագույն պայծառություն: 1.5K էկրանը, որը կհայտնվի հետագա մոդելներում, կունենա էլ ավելի բարձր պայծառություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ OnePlus 12-ը կունենա 6,82 դյույմանոց կոր էկրան՝ 3168 x 1440 պիքսել լուծաչափով՝ թարմացման մինչև 120 Հց ադապտիվ հաճախականությամբ: Թոփ տարբերակը կստանա 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Սակայն մինչ այդ հաղորդվում էր, որ դրա պայծառությունը կկազմի 2600 քդ/մ2։

OnePlus 12-ի հիմնական տեսախցիկը կստանա 1/1.4 դյույմանոց օպտիկական ձևաչափի Sony IMX966 սենսոր՝ F/1.7 բացվածքով և OIS օպտիկական կայունացման աջակցությամբ։ Այն կհամալրվի նաև 64 ՄՊ OV64B սենսորով պերիսկոպային հեռաֆոտո ոսպնյակով։

Սմարթֆոնը կունենա 5400 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 100 Վտ հզորությամբ լարային և 50 Վտ հզորությամբ անլար լիցքավորման աջակցությամբ։

Digital Chat Station ինսայդերն առաջինն էր, որը տեղեկացրել էր Redmi K60-ի և Xiaomi 13-ի բնութագրերի և թողարկման ամսաթվերի մասին:

Ավելի վաղ Xiaomi-ն էր հայտարարել, որ նախատեսում է արտադրել Xiaomi 14 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որը կունենա շուկայում այս պահին առկա ամենապայծառ էկրանը և կունենա 3000 նիտ հզորություն։


 
 
 
 
  • Արխիվ