Բիզնեսը և պետությունը պետք է ներդրումներ անեն մարդկային կապիտալում, իսկ քաղաքացին պատրաստ լինի տեխնոլոգիապես զարգանալ․ Էդուարդ Մուսայելյան

18 հոկտեմբերի, 2023  11:03

Առաջին տարին չէ, որ տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ են մասնակցում գագաթնաժողովներին։ Սակայն այս տարի կարողացել ենք ոչ թե մեկ բանախոսի հրավիրել, այլ շուրջ 10 տարբեր խոշոր ընկերությունների ներկայացուցիչների։ Սրանք այնպիսի ընկերություններ են, որոնք իրականում փոխել են ամբողջ տեխնոլոգիական ոլորտի լանդշաֆտը, և նրանք միջոցառմանը ներկայանում են առաջին դեմքերով, Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ 

«Բացի դրանից, մենք հասկացանք, որ հնարավորինս շատ մարդկանց պետք է հնարավորություն տանք նման մարդկանց լսել և նրանցից սովորել։ Նախկինում գործող ֆորմատը տեղավորում էր մինչև 200 հոգու, իսկ այսօր մենք մոտ 100 ընկերություններից շուրջ 800 մասնակից ունենք»,- ասաց նա։

Բանախոսները տարբեր ընկերություններից են, երկրներից, տարբեր մշակույթներ են կրում, հետևաբար, ըստ Մուսայելյանի, նրանց լսելը և նրանցից սովորելը մեծ հնարավորություն է մեզ համար․ «Բայց մենք պետք է, նաև այդ ամենը հասկանալով, մեր ռազմավարությունը ունենանք։ Մենք ամբիցիոզ խնդիր ենք դրել, ասում ենք՝ խելացի երկրի մարտահրավերներ, այսինքն՝ արդեն իսկ ուզում ենք դառնալ խելացի երկիր։ Խելացի երկիր ասելով՝ պատկերացնում ենք խելացի մարդկանցով, խելացի բիզնեսներով տնտեսությունը առաջ տանող և խելացի լուծումներով կառավարվող երկիր։ 

Այս խնդիրը մեզ մոտ արդիական է, քանի որ մենք այլ ճանապարհ չունենք, պետք է ներդրումներ անենք միմիայն մարդկային ռեսուրսում։ Մեր շուրջը եթե նայենք, շրջապատված ենք հիմնականում ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների հետ, որոնք մեզ առանձնապես չեն սիրում և ունեն տարբեր տեսակի ռեսուրսներ։ Բայց կարծում եմ, որ մեր ունեցած կարևոր ռեսուրսը մարդկային կապիտալն է, և դրանում ներդրումները մեզ մի քայլ առաջ կտանեն։ Մենք պետք է մի օր սթափվենք և հասկանանք դա»։ 

Էդուարդ Մուսայելյան.jpg (155 KB)

Silicon Mountains-2023-ի հիմնական թեման մարդկային կապիտալում ներդրումներն են

ՏՀՏ գործադիր տնօրենի խոսքով՝ ամեն տարի կանգնում են մի ծանրագույն հարցի առաջ՝ չեղարկե՞լ այս տարի միջոցառումը, թե՞ ոչ․ «Կարծում եմ՝ բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչներ նույն հարցի առաջ են կանգնում, որովհետև անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում»։

Սակայն միջոցառման ուղղվածությունը, ըստ նրա, ամեն տարի տարբեր է, քանի որ ամեն տարի տարբեր խնդիրներ են ցանկանում լուծել․ «Եթե քովիդ 19-ի խնդիրներն այլ էին, վերջին շրջանի մարտահրավերները ավելի են խորացնում այն խնդիրները, որ ունեցել ենք նախկինում։ Եվ միայն տեխնոլոգիական ճանապարհով կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները։ Խնդիրները միայն ռազմական չեն, նաև սոցիալական են, էմոցիոնալ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում կարելի է դնել տեխնոլոգիական լուծումներ և ճանապարհը հարթել դրանց միջոցով»։

Այս տարի մենք մի պահ կանգ ենք առնում և ցանկանում ենք հասկանալ՝ մեր մրցակցային առավելությունն ինչում է, ասում է Մուսայելյանը․ «Գագաթնաժողովի հիմքում դրված է «խելացի» տերմինը, որի հիմնական միտքն այն է, որ մենք պետք է ներդրումներ անենք մարդու մեջ։ Այսինքն՝ մեր հիմնական թեման է մարդկային կապիտալը։ Ե՛վ բիզնեսը, և՛ պետությունը պետք է դրանում ներդրումներ անեն, և քաղաքացին պետք է պատրաստ լինի ընդունել այդ ներդրումները և տեխնոլոգիապես զարգանալ»։

Գագաթնաժողովին գաղափարների գեներացումը կարող է կոնկրետ առաջարկների բերել

Բոլոր պանելային քննարկումների մասնակիցների ցանկը նայելիս կտեսենք, որ նրանք բավականին լուրջ են և բավականին տարբեր, նշում է ՏՀՏ գործադիր տնօրենը։ ««Խելացի բիզնես» պանելային քննարկմանը մասնակցում են բիզնեսի ներկայացուցիչները, «Խելացի երկիր» պանելային քննարկման մասնակիցները տարբեր երկրների դեսպանատների, Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ են։ Նրանց սիմբիոզը և գաղափարների գեներացումը, որն այս մեկ հարթակում կարող ենք ստանալ, կարող է բերել մտքերի, որոնք վերջում առանձնացնենք և ներկայացնենք կառավարությանը որպես առաջարկ։ Այսինքն՝ եթե կարողանանք առաջարկներ քաղել, դրանք մշակել, լուրջ արդյունք կունենանք»։

Մուսայելյանը ներկայացրեց նաև «Խելացի քաղաքացի» եզրույթի իրենց մեկնաբանությունը․ «Մեր պատկերացմամբ՝ «խելացին» ոչ թե այն քաղաքացին է, որն իր առօրյայում օգտագործում է նոր տեխնոլոգիաներ, այլև պատրաստ է փոփոխությունների և տեխնոլոգիաները կիրառում է ի նպաստ երկրի»։

Իսկ հարցին, թե ինչպես է գագաթնաժողովն օգնելու նման քաղաքացու ձևավորմանը, նա պատասխանեց․ «Այստեղ ներկա են այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք փոխել են աշխարհը։ Եթե աշխարհն են փոխել, ապա հանդիսատեսից շատերին կկարողանան փոխել»։

Թվային փոխակերպումը հետաքրքիր տերմինաբանություն չէ, այլ անհրաժեշտություն

Հայաստանի օրինակով կարող ենք տեսնել, որ բիզնեսը ավելի շուտ է թվային փոխակերպումն ընդունում, քան երկիրը, նշեց Մուսայելյանը․ «Այսպիսով, համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը շատ հետաքրքիր է, քանի որ հեռահաղորդակցության և բանկային ոլորտները ամենաշատն են թվայնացման կարիքը տեսնում և ամենաշուտն են ներդրումներ անում թվային փոխակերպման մեջ, բայց ուշ թե շուտ բոլոր բիզնեսները պետք է հասկանան, որ թվային փոխակերպումը պարզապես հետաքրքիր տերմինաբանություն չէ, այլ անհրաժեշտություն, և ուշ, թե շուտ այդ ներդրումները պետք է անեն ու դառնան ավելի հաճախորդակենտրոն և ավելի կառավարելի դարձնեն իրենց բիզնեսները»։


 
 
 
 
  • Արխիվ