Տեխնոլոգիական զարգացումը կանգնեցնել հնարավոր չէ․ Հայաստանը պետք է միշտ մի քայլ առաջ լինի․ Բալդրյան

17 հոկտեմբերի, 2023  22:13

Խոսում ենք համաշխարհային տեխնոլոգիական փոխակերպման մասին, որը շատ արագ է ընթանում, և պարզ չէ՝ այդ տեխնոլոգիաները յուրաքանչյուրիս, երկրի կամ համաշխարհային տնտեսության վրա ինչպես են ազդելու։ Գագաթնաժողովի կազմակերպման հիմնական նպատակներից մեկն է իրար հետ խորհրդակցելով հասկանալ՝ վաղը մեզ ինչ է սպասվում, ինչ մարտահրավերներ կան, ինչ հնարավորություններ կան և նախօրոք պատրաստ լինել դրանց, Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Ինչպես տեսնում ենք պանելային քննարկումների արդյուքնում՝ և՛ մարտահրավերներն են շատ, և՛ վտանգները, և՛ հնարավորությունները, և հիմնական հարցն է՝ ինչպես տեղավորել Հայաստանի Հանրապետությունը այս շղթայում, որ առավելագույնս շահող դուրս գանք»,- ասաց նա։

Հայաստանը բազմաթիվ մրցակցային առավելություններ ունի

Բալդրյանի կարծիքով՝ Հայաստանը ոչ միայն տեխնոլոգիական զարգացման առումով հետ չի մնում, այլև ունի իր մրցակցային առավելությունները․ «Կան ուղղություններ, որոնցում Հայաստանը առաջատարների շարքում է, և շատ համաշխարհային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում դա է ապացուցում։ Բայց խնդիրն այն է, թե ինչպես մեր ուժերը չփոշիացնենք, այլ ընդհակառակը՝ կենտրոնացնենք և այն ուղղություններում, որտեղ մենք մրցունակ ենք, շատ ավելի առաջ գնանք՝ առաջ ընկնելով մյուս երկրներից»։

Որպես մրցունակ ոլորտի օրինակ ՏՀՏ միության նախագահը նշեց չիպերի մշակման ուղղությունը, որի բոլոր առաջատար ընկերությունները՝ Synopsis, Siemens և այլն, Հայաստանում մասնաճյուղեր ունեն։

Մեզ հուզող որոշ հարցերի պատասխաններ կստանանք, որոշները չենք ստանա, սակայն կարևոր է հասկանալ՝ ինչ է կատարվում տեխնոլոգիաների ոլորտում, նշեց Բալդրյանը․ «Քննարկման առիթը տեխնոլոգիաներն են, բայց հիմքում դրանք չեն, այլ մարդը, հասարակությունը, և թե մենք ինչպես ենք մեր սահմանափակ մարդկային ռեսուրսները կարողանում ճիշտ օգտագործել, ինչ ճիշտ գիտելիքներ, ուղղվածություն տանք երիտասարդությանը, որ դա լինի մաքսիմալ օգտակար Հանրապետության համար»։

Շատ կարևոր են հավաքական գիտելիքները

«Տեխնոլոգիաներն ու զարգացումը այնքան է խորացել, որ մեկ մարդ չի կարող բոլոր գիտելիքներն ու փորձը ունենալ իր մեջ, շատ կարևոր են հավաքական գիտելիքները»,- ասում է Բալդրյանը։

Ըստ նրա՝ խելացի պետության բնորոշիչ ուժը նաև այն է, որ կարողանում է մի տեղ կոնցենտրացնել բոլորիս գիտելիքները և կառուցել մի պետություն, որը բոլորիս գաղափարների արդյունքն է․ «Հակառակ դեպքում մեկ կամ մի քանի հոգու համար այս տեխնոլոգիաների յուրացումը և երկրի մասշտաբով ճիշտ օգտագործումը բարդ է լինելու»։

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ կարևոր է էթիկական կանոնների պաշտպանումը

«Տեխնոլոգիաները միայն օրենսդրական կանոնակարգմամբ հնարավոր չէ ներդնել, քանի որ զարգացումը շատ արագ է, փոփոխությունների հետևից հասցնելը բարդ է լինելու»,- նշում է մասնագետը,- «Շատ կարևոր է էթիկական կանոնների պաշտպանումը, որոնք մի կողմից պարտադիր չեն, մյուս կողմից՝ շատ կարևոր տարր են ներկայիս հասարակության համար, քանի որ առանց ինքնահսկողության և ինքնակառավարման հնարավոր չէ արագ զարգացում ունենալ»։

Տեխնոլոգիական զարգացումն անխուսափելի է, պետք է լինել առաջին շարքերում

«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նոր նշաձողեր են առաջանում։ Եթե Հայաստանը՝ որպես երկիր, այդ նշաձողերից մի քանիսին հասնի և դրա արդյունքնում շատ ավելի լավը դարձնի մեր տնտեսությունը և հասարակության ամեն մի անդամի կյանքը, ինչո՞ւ չանենք»,- նշում է ՏՀՏ միության նախագահը՝ հավելելով, որ մենք պետք է միշտ մի քայլ առաջ անենք, ոչ թե սպասենք, տեսնենք՝ ուրիշները ինչ կանեն, իրենց հետևենք։

Մյուս կողմից, ըստ Բալդրյանի, միանշանակ է, որ զարգացումներն անխուսափելի են և նույնիսկ եթե մենք որոշակի դանդաղեցնենք տեխնոլոգիական զարգացումները, միևնույնն է՝ դրանք առաջ են գնալու, պրոցեսը չենք կանգնեցնի․ «Միակ տարբերակն այն է, որ լինենք տեխնոլոգիաների ներդրման առաջին շարքերում, որպեսզի կարողանանք դրանք օգտագործել ի շահ մեր երկրի»։

Ինովացիան ծնվում է նման միջոցառումներում

Խոսելով Silicon Mountains-ի գրանցած հաջողությունների մասին՝ Բալդրյանը նշում է, որ եթե առաջին գագաթնաժողովին մասնակցում էր 200 մարդ, այս՝ 5-րդ միջոցառմանը մասնակիցների թիվը 1000-ից ավելին է․ «Այսինքն թեմաները և քննարկումները իրոք հետաքրքիր են։ Բացի այդ, պանելային քննարկումների մասնակիցները բարձրակարգ մասնագետներ են, ինչը ոչ միայն բարձրացնում է Հայաստանի միջազգային փորձը, այլև երկրի տեսանելիությունը, ինչը համագործակցության նոր ուղիներ է բացում»։

Անհատական մակարդակի վրա, ըստ մասնագետի, միջոցառումը օգտակար կլինի, եթե «յուրաքանչյուրս սկսենք մտածել, թե ինչ նորարարության վրա աշխատենք, որը օգտակար կլինի և՛ մեզ, և՛ դրսի աշխարհին՝ հաշվի առնելով այն ինֆորմացիան, որ լրացուցիչ նաև այսօր կստանանք, շատ մեծ արդյունք կտա, քանի որ վերջ ի վերջո, ինչպես քննարկման մասնակիցներից մեկն ասաց՝ ինովացիան ծնվում է նման միջոցառումներում, երբ մենք նստած ինչ-որ գաղափար ենք լսում, ինչից ծնվում է նոր գաղափար, որը սկսում ենք իրականացնել»։


 
 
 
 
  • Արխիվ