Ինչո՞ւ են iPhone-ի կոնտակտների նկարներն ու անուններն անհետանում

16 հոկտեմբերի, 2023  17:02

iOS 17.0.3-ում նոր խնդիր է ի հայտ եկել, որի պատճառով iPhone սմարթֆոնների կոնտակտների նկարներն ու անուններն անհետանում են, այս մասին X-ի իր էջում (նախկինում՝ Twitter) ահազանգել է հանրահայտ տեխնոբլոգեր Ահարոն Զոլոն (ZolloTech)։

«iOS 17.0.3-ը կարծես թե այլ խնդիր ունի՝ նկարներն ու կոնտակտների անունները անհետանում են պատահականորեն: Նույն խնդիրն ունեին և՛ կինս, և՛ եղբայրս։ Մի դեպքը տեղի է ունեցել երեկ, մյուսը՝ այսօր։ Կա՞ ինչ-որ մեկը, որ հանդիպել է նման խնդրի»,- գրել է Զոլոն։

Այս հրապարակման տակ արված մեկնաբանություններում տեխնոբլոգերի բաժանորդները նշել են, որ իրենք նույնպես հանդիպել են այս խնդրին: Ավելին, ոմանց դեպքում այն հայտնվել է iOS 17-ի հենց առաջին թողարկումից հետո: Մյուսների համար նմանատիպ խնդիր նկատվել է անցյալ տարվա iOS 16-ում:

Օգտատերերից մեկն ասել է, որ իր դեպքում պատկերները չեն բեռնվում պատկերասրահից, և այդ լուսանկարների փոխարեն կոնտակտներում երևում են սպիտակ քառակուսիներ։

Ամեն տարի Apple-ը թողարկում է իր iPhone սմարթֆոնների նոր սերնդի հեռախոսներ, ինչն  ուղեկցվում է նաև iOS բջջային օպերացիոն համակարգի թարմացմամբ: Որպես կանոն, օպերացիոն համակարգի թարմացման թողարկումից հետո առաջին մեկ-երկու ամիսների ընթացքում օգտատերերը դժգոհում են տարբեր խնդիրներից, որոնք խանգարում են սարքի կայուն աշխատանքին:

Apple-ն առայժմ չի մեկնաբանել այս խնդիրը։


 
 
 
 
  • Արխիվ