Apple-ը բարձրացրել է նոր iPhone-ների կատարողականությունը

10 հոկտեմբերի, 2023  20:30

Հոկտեմբերի 9-ին թողարկված iOS 17.0.3-ը թարմացումը բարելավել է iPhone 15 Pro-ի և Pro Max-ի աշխատանքը, ինչպես նաև նվազեցրել սարքերի ջերմության արտանետման մակարդակը, ինչից շատ օգտատերեր դժգոհում էին: Այս մասին հայտնում է GizmoChina-ը՝ վկայակոչելով Ah Zheng Is Very Hard անունով հայտնի չինացի տեխնոբլոգերին։

iPhone Pro Max-ի վրա iOS 17.0.3-ը տեղադրելուց հետո ինֆլյուենսերը չափել է սմարթֆոնի աշխատանքը Geekbench 6-ում և ստացել 27,381 միավոր արդյունք։ Համեմատության համար նշենք, որ iOS 17.0.2-ի դեպքում սարքը հավաքում է 27,163 միավոր:

«Կարող է թվալ, թե տարբերությունը մեծ չէ, սակայն խաղային կատարողականությունը միանշանակ բարելավվել է»,- մեկնաբանել է GizmoChina-ն արդյունքը:

Բլոգերը նաև չափել է սմարթֆոնի տաքացման աստիճանը ծանրաբեռնվածության տակ։ Սարքի ջերմաստիճանը խաղերի երկար սեանսներից հետո նվազել է 0,6-2 աստիճանով։ Միևնույն ժամանակ, որոշ նախագծերում, ընդհակառակը, բարձրացել է FPS-ի ցուցանիշը։ Օրինակ՝ Honor of Kings խաղի ժամանակ այդ ցուցանիշը 105,4 FPS-ից հասել է 116,9 FPS-ի:


 
 
 
 
  • Արխիվ