Ռուս գիտնականներն ստեղծել են գեոռադարով ԱԹՍ, որն արհեստական բանականության միջոցով ականներ է փնտրում

20 սեպտեմբերի, 2023  12:26

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնագետները անօդաչու թռչող սարքի բազայի հիման վրա մշակել են ցամաքային խելացի գեոռադար, որը թռիչքի ժամանակ ցամաքում ականներ է հայտնաբերում։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են ինստիտուտում գործող Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության «Արհեստական բանականության» իրավասության կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Գեոռադարը ռադարի տեսակ է, որը նախատեսված է հողի, ջրի կամ ձյան շերտի տակ գտնվող օբյեկտները հայտնաբերելու և հետազոտելու համար: Դրա գործողության սկզբունքը նույնն է, ինչ բոլոր ռադարներինը․ սարքն արձակում է որոշակի երկարության ռադիոալիք, այնուհետև գրանցում է օբյեկտի անդրադարձած ճառագայթը։ Գեոռադարի դեպքում այդ իմպուլսն ուղղվում է դեպի ներքև, այլ ոչ թե վերև կամ կողք»,- բացատրել է կենտրոնի առաջատար փորձագետ Ալեքսանդր Ռոդինը։

Նրա խոսքով՝ ցամաքային ռադարը վաղուց հայտնի տեխնոլոգիա է։ Ռուս գիտնականների մշակման առանձնահատկությունն այն է, որ ռադարներից ստացված տվյալները հավաքվում և մշակվում են արհեստական բանականության օգնությամբ, ինչը զգալիորեն մեծացնում է ցանկալի օբյեկտների հայտնաբերման արագությունը։

«Նման ռադարները կարող են լիովին օգտագործվել այն տարածքների հումանիտար ականազերծման ժամանակ, որոնք տուժել են ռազմական գործողությունների հետևանքով»,- ասել է Ռոդինը։

Նրա խոսքով՝ գեոռադարներով անօդաչու թռչող սարքերը կարող են լրացուցիչ համալրվել գազի անալիզատորներով։ Դրանք թույլ կտան ոչ միայն հայտնաբերել պայթուցիկ սարքեր, այլև բացահայտել դրանցում օգտագործվող պայթուցիկները։ Նման տվիչների օգտագործման կուտակային էֆեկտը կհեշտացնի և կարագացնի ռազմական և օպերատիվ ծառայությունների աշխատանքը, ինչպես նաև կնվազեցնի ականների և այլ պայթուցիկ նյութերի պայթյունի վտանգը դրանց վնասազերծման ժամանակ:


 
 
 
 
  • Արխիվ