ՆԱՍԱ-ն չբացահայտված անոմալ երեւույթների ուսումնասիրության հարցերով տնօրեն է նշանակել. ի՞նչով է զբաղվելու նա

15 սեպտեմբերի, 2023  10:25

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով նոր տնօրեն է նշանակել (նախկինում կոչվում էր ՉԹՕ` չբացահայտված թռչող օբյեկտներ): ՆԱՍԱ-ն այս որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ տարբեր գիտական ​​ոլորտների փորձագետներից կազմված անկախ խումբը ՆԱՍԱ-ին խորհուրդ տվեց ուժեղացնել չբացահայտված անոմալ երևույթների ոլորտի ուսումնասիրությունները։

Չբացահայտված անոմալ երևույթների հարցերով հետազոտությունների նոր տնօրենին նշանակել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը, սակայն անվտանգության նկատառումներով նրա անունը գաղտնի է պահվում:

«ՆԱՍԱ-ի անկախ թիմը որևէ ապացույց չի գտել, որ չբացահայտված անոմալ երևույթները այլմոլորակային ծագում ունեն: Այնուամենայնիվ, մենք դեռ չգիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում անոմալ երևույթները, ուստի ես հայտարարում եմ, որ ՆԱՍԱ-ն այլմոլորակային անոմալ երևույթների հարցերով տնօրեն է նշանակում»,- ՉԹՕ-ների գրանցված դեպքերի վերաբերյալ գործակալության ուսումնասիրության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնօրեն Բիլ Նելսոնը:

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի առաքելությունն է հասկանալ անհայտ երևույթները։ Նա հավելել է, որ ցանկացած նոր բացահայտում լիովին թափանցիկ կներկայացվի հանրությանը:

ՆԱՍԱ-ն նաև փորձում է «չբացահայտված թռչող օբյեկտներ»-ը վերանվանել «չբացահայտված անոմալ երևույթներ»-ի՝ փորձելով վերացնել «ամոթի խարանը», որն ստեղծել են ժողովրդական բանահյուսությունն ու տաբլոիդները: Կազմակերպությունը մտադիր է գիտականորեն մոտենալ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրություններին:

Չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով ​​նոր տնօրենը կզբաղվի կենտրոնացված հաղորդակցության, ռեսուրսների և վերլուծական կարողությունների վրա՝ ապագա չբացահայտված անոմալ երևույթների գնահատման համար հիմնավոր տվյալների բազա ստեղծելու համար:

Զեկույցում նաև մի շարք առաջարկություններ են ներկայացվում ՆԱՍԱ-ին չբացահայտված անոմալ երևույթների թեմայի վերաբերյալ հետագա մոտեցման համար.

  • Չբացահայտված անոմալ երևույթների հետ կապված շրջակա միջավայրի պայմանների ուսումնասիրության համար օգտագործել դիտարկման սեփական հնարավորությունները, ինչպիսին է James Webb տիեզերական աստղադիտակը։
  • Չբացահայտված անոմալ երևույթներ որոնելու համար օգտագործել մասնավոր տիեզերական արդյունաբերության արբանյակների հսկայական ցանցը, որպեսզի նվազեցվի ցածրորակ կադրերի կիրառումը՝ հնարավոր օբյեկտները հայտնաբերելու համար:
  • Դիտարկել արհեստական ​բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը չբացահայտված անոմալ երևույթներ հայտնաբերելու և լրացուցիչ տվյալներ հավաքելու համար:
  • Բարելավել հանրային ներգրավվածությունը՝ գուցե մշակելով բջջային հավելված, որը հնարավորություն կտա լուսանկարներ ստանալ շարքային քաղաքացի-դիտորդներից։
  • Ավելի արդյունավետ օգտագործել առևտրային թռիչքների օդաչուների համար առկա հաշվետվությունների համակարգը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Բիլ Նելսոնը նաև արտահայտել իր անձնական կարծիքը Երկրից դուրս կյանքի հնարավորության մասին. պարզվում է, որ նա կարծում է, որ հսկայական տիեզերքը դա հնարավոր է դարձնում։

«ՉԹՕ-ների հարցում կա գլոբալ հետաքրքրություն: Իմ ճամփորդությունների ընթացքում առաջին հարցերից մեկը, որ ինձ տալիս են, այդ ուսումնասիրությունների մասին է: Եվ այս հետաքրքրությունը բացատրվում է անորոշությամբ: Եթե ​​դուք ինձ հարցնեք, թե արդյոք ես հավատում եմ, որ կյանք կա մի տիեզերքում, որն այնքան ընդարձակ է, որ ինձ համար դժվար է հասկանալ, թե որքան մեծ է այն, ապա իմ անձնական պատասխանն է՝ այո՛»։

 


 
 
 
 
  • Արխիվ