ՆԱՍԱ-ն չբացահայտված անոմալ երեւույթների ուսումնասիրության հարցերով տնօրեն է նշանակել. ի՞նչով է զբաղվելու նա

10:25    15 սեպտեմբերի, 2023

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով նոր տնօրեն է նշանակել (նախկինում կոչվում էր ՉԹՕ` չբացահայտված թռչող օբյեկտներ): ՆԱՍԱ-ն այս որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ տարբեր գիտական ​​ոլորտների փորձագետներից կազմված անկախ խումբը ՆԱՍԱ-ին խորհուրդ տվեց ուժեղացնել չբացահայտված անոմալ երևույթների ոլորտի ուսումնասիրությունները։

Չբացահայտված անոմալ երևույթների հարցերով հետազոտությունների նոր տնօրենին նշանակել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը, սակայն անվտանգության նկատառումներով նրա անունը գաղտնի է պահվում:

«ՆԱՍԱ-ի անկախ թիմը որևէ ապացույց չի գտել, որ չբացահայտված անոմալ երևույթները այլմոլորակային ծագում ունեն: Այնուամենայնիվ, մենք դեռ չգիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում անոմալ երևույթները, ուստի ես հայտարարում եմ, որ ՆԱՍԱ-ն այլմոլորակային անոմալ երևույթների հարցերով տնօրեն է նշանակում»,- ՉԹՕ-ների գրանցված դեպքերի վերաբերյալ գործակալության ուսումնասիրության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնօրեն Բիլ Նելսոնը:

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի առաքելությունն է հասկանալ անհայտ երևույթները։ Նա հավելել է, որ ցանկացած նոր բացահայտում լիովին թափանցիկ կներկայացվի հանրությանը:

ՆԱՍԱ-ն նաև փորձում է «չբացահայտված թռչող օբյեկտներ»-ը վերանվանել «չբացահայտված անոմալ երևույթներ»-ի՝ փորձելով վերացնել «ամոթի խարանը», որն ստեղծել են ժողովրդական բանահյուսությունն ու տաբլոիդները: Կազմակերպությունը մտադիր է գիտականորեն մոտենալ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրություններին:

Չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով ​​նոր տնօրենը կզբաղվի կենտրոնացված հաղորդակցության, ռեսուրսների և վերլուծական կարողությունների վրա՝ ապագա չբացահայտված անոմալ երևույթների գնահատման համար հիմնավոր տվյալների բազա ստեղծելու համար:

Զեկույցում նաև մի շարք առաջարկություններ են ներկայացվում ՆԱՍԱ-ին չբացահայտված անոմալ երևույթների թեմայի վերաբերյալ հետագա մոտեցման համար.

Մամուլի ասուլիսի ժամանակ Բիլ Նելսոնը նաև արտահայտել իր անձնական կարծիքը Երկրից դուրս կյանքի հնարավորության մասին. պարզվում է, որ նա կարծում է, որ հսկայական տիեզերքը դա հնարավոր է դարձնում։

«ՉԹՕ-ների հարցում կա գլոբալ հետաքրքրություն: Իմ ճամփորդությունների ընթացքում առաջին հարցերից մեկը, որ ինձ տալիս են, այդ ուսումնասիրությունների մասին է: Եվ այս հետաքրքրությունը բացատրվում է անորոշությամբ: Եթե ​​դուք ինձ հարցնեք, թե արդյոք ես հավատում եմ, որ կյանք կա մի տիեզերքում, որն այնքան ընդարձակ է, որ ինձ համար դժվար է հասկանալ, թե որքան մեծ է այն, ապա իմ անձնական պատասխանն է՝ այո՛»։

 



© NEWS.am Medicine